«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախածեռնած հանրահավաքի ընթացքում երեկ տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները հաշվի առնելով, այդ թվում լուսաձայնային նռնակի կիրառումը, բախումները և ուժի կիրառումը, ԱԺ-ում նոր շրջաբերական է պտտվում։
Այսպիսով, երկրում ստեղծված իրավիճակի կրիտիկական լինելուն զուգահեռ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նոր հրահանգ է իջեցրել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ ԱԺ վարչական տարածքում ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի հրամանի համաձայն իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Նշված հրամանի և ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների հիմքով ՀՀ ԱԺ մուտքը (ելքը) իրականացվում է որոշակի սահմանափակումներով։
13.06. 2024 թվականի ժամը 08:00-ից մինչև 22:00-ն ՀՀ ԱԺ պատգամավորների, պատգամավորների օգնականների և խմբակցությունների գրասենյակների աշխատողների մուտքը (ելքը) թույլատրվում է բացառապես Բաղրամյան պողոտայի 02 անցակետով։
Բացի վերը նշված անձանցից, այլ անձանց, այդ թվում քաղաքացիների, մուտքը (ելքը) ՀՀ ԱԺ տարածք բոլոր անցակետերով՝ արգելվում է»,- ասված է շրջաբերականում։
ԱԺ քառօրյան երեկ անհաջող ավարտվեց, ՔՊ-ականները հարցեր չուղղեցին Նիկոլ Փաշինյանին։ Նիստն ավարտվեց, բայց այնուամենայնիվ խուճապը և վախը «պաշարել է» ԱԺ անձնակազմին։