Պարույր Հայրիկյանը հացադուլը երկարացնում է․ նոր մանրամասներ բողոքի հացադուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը հունիսի 10-ին հայտնել էր, որ հացադուլ է սկսում՝ բողոքելով իշխանության Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ։

ArmLur.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է իրեն զգում և մինչև ե՞րբ է շարունակվելու հացադուլը։

Մեզ հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ իրեն սովորական է զգում, բայց նախնական 5 օր է ծրագրավորել հացադուլի համար, սակայն հանգամանքներից ելնելով՝ հնարավոր է, որ հացադուլի օրերը ավելացնի։

«Սովորական եմ ինձ զգում, ծրագրել եմ նախնական 5 օր հացադուլը, բայց հանգամանքներից ելնելով կարող է ավելացնեմ։ Շատ մարդիկ են ինձ մոտենում, ասում են ուզում են միանալ բողոքի հացադուլին մասնավոր կերպով, ես ասացի՝ սրբազանի հետ համաձայնեցրեք, որովհետև սա ի վերջո շարժման վերաբերյալ է, գնացին ճշտեն։ Երեկվանից 4 հոգի են մոտեցել»,- ասաց Հայրիկյանը։

Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ իրեն մոտեցել են մարդիկ և ասել են, որ 3 օրը բավական է բողոքի հացադուլի համար, սակայն երեկվա գործողությունները նրան ստիպել են, որ ևս 2 օր շարունակի հացադուլը։

Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հանրահավաք էին իրականացնում, իրավիճակը լարված էր և այդ ընթացքում էլ ոստիկանական ուժերի կողմից լուսաձայնային նռնակներ են պայթեցվել, որոնցից տուժել են շատ մարդիկ։

«Բայց այստեղ այլ բան կա, ես արել եմ հենց Հայաստանի իրավական բովանդակությունը ոչնչացնելու դեմ՝ բողոքելով, որ երեկ էլ այդպիսի մի գործողություն եղավ, այսինքն՝ երեկ ահագին մարդ ինձ տրամադրում էր, որ լավ, բողոքդ արտահայտեցիր, 3 օրը հերիք է։ Այդ երեկվա գործողությունները ինձ տրամադրեցին բողոքի հացադուլը շարունակել ևս 2 օր և համընկնում է այս ամենը նաև հնգօրյա պահքի հետ։ Այս պահին, ըստ ավանդույթի, քո աղոթքները տեղ են հասնում, այսինքն համատեղում են, Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին սկզբունքով։ Իմ բողոքը հիմնականում վերաբերում է մի իրողության, որը հիմնարար իրողություն է, դա Հայաստանի իրավական պետություն լինելու հանգամանքը հետևողականորեն ոչնչացնելու կամ անփութությամբ, բթամտությամբ, կամ էլ հետևողական նպատակադրմամբ ոչնչացնելու դեմ բողոք է, որը պետք է արձանագրվի, որ այդ երևույթի դեմ բողոքի հացադուլ է արել և արել է ոչ թե որևէ քաղաքացի, այլ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը, դա է նպատակս, որ արձանագրվի ու պատմության համար մնա»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս