Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։

«Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, նրանց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որ պարտավոր էին անել»,- ասաց ՀՀ նախագահը։

Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել։ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»,- հավելեց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրում բոլոր գործընթացները տեղի ունենան ժողովրդավարության շրջանակներում։ «Ցավոք, հավաքի կազմակերպիչներն այլ տրամաբանությամբ են աշխատում։ Նրանց, երևի, ինչ-որ ձևով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։




Լրահոս