Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում․ ԿԲ-ն կանխատեսումներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ բյուջեի տարեկան կատարողականի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ:

ԿԲ նախագահը նշել է, որ թեեւ արտաքին պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն Հայաստանում շարունակել է մնալ բարձր: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալի ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ Հայաստանից արտահանման պահանջարկի ավելացման միտումները:

2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս: Հաշվետու տարում Հայաստանում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, որին հիմնականում նպաստել են ԿԲ-ի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններն ու դրամի արժեւորումը:

12-ամսյա գնաճը 2023 թվականին կազմել է մինուս 1.7 տոկոս, որը ուղեկցվել է 12-ամսյա բնականոն աճի համանման վարքագծով եւ տարեվերջին կազմել է մինուս 0.4 տոկոս:

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում:

«2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ Գալստյանի, դա հիմնականում պայմանավորեց արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են: 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում:

Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում:

«Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024-ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում»,- ասել է ԿԲ նախագահը:




Լրահոս