Բայդենն ու Զելենսկին 10 տարի ժամկետով անվտանգության համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներն Իտալիայում G7-ի հանդիպման շրջանակում 10 տարի ժամկետով անվտանգության համաձայնագիր են ստորագրել: Նշվում է, որ փաստաթուղթը նաև աջակցություն է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության ճանապարհին:

Ըստ համաձայնագրի՝ Ուկրաինայի դեմ զինված հարձակման կամ նման սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն 24 ժամվա ընթացքում՝ քննարկելու պատասխան քայլերը և պարզելու՝ պաշտպանության ինչ կարիքներ ունի Կիևը:

Միացյալ Նահանգները վերահաստատել է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը՝ հաշվի առնելով արևելյան ճակատում ռուսական գործողությունները:

Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ նյութական, ուսումնական, խորհրդատվական, հետախուզական, անվտանգության, պաշտպանական-արդյունաբերական, ինստիտուցիոնալ և այլ աջակցություն տրամադրել Ուկրաինային:

Միևնույն ժամանակ, համաձայնագիրը չի նախատեսում ամերիկյան զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում: Նաև Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ ուկրաինական ուժերը ամերիկյան զենքով կարող են խոցել միայն Ռուսաստանի սահմանամերձ տարածքներում գտնվող ռազմական թիրախները:

Ստորագրման արարողությունից հետո Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնանալու է հակաօդային պաշտպանության ոլորտում Կիևի կարողությունների ամրապնդման ուղությամբ, և որ նման աջակցություն ակնկալող մյուս երկրները պետք է սպասեն: «Այս պահին հինգ երկիր պարտավորվել է Patriot և ՀՕՊ այլ համակարգեր տրամադրել Կիևին»,- հավելել է Բայդենը։




Լրահոս