Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին, որտեղ շեշտել է Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։
Տարածված հայտարարության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ մանրամասներ են իրեն հայտնի և ի՞նչ է արվում.
«Այդ հայտարարությունը արդեն իսկ պարունակում է դրսևորումների նկարագրություն, օրինակ այնտեղ հստակ շեշտադրվել է հացադուլի ընթացքում պատժիչ գործողություններ իրականացնելը, դրան զուգահեռ իրավունքների սահմանափակումը, մեկուսացումը արտաքին աշխարհից, ինչը ազդել է ընտանիքի անդամների հետ կապի վրա, միաժամանակ վատթարացել են պահման պայմաները և դրանք զուգակցվել են ջրի, սննդից, քնից զրկելով: Այս գործելակերպը նաև ադմինիստատիվ պրակտիկայի մաս է կազմում, մենք բազմիցս նման ահազանգեր և հիմնավորումներ լսել ենք հայրենադարձված գերիներից, որոնք նկարագրել են խոշտանգման և վատ վերաբերմունքը, ինչպես նաև այլ գործառույթներ, որտեղ դոմինանտ են եղել ֆիզիկական բռնությունը»:
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև այնտեղ պահվող մյուս հայերին, նրանք իրենց ընտանիքների հետ զրուցելիս ակնհայտորեն եղել են ճնշված վիճակում և տարաբնույթ մտքեր են հայտնել:
«Ռուբեն Վարդանյանի պարագայում հրատապ դիմում է ներկայացվել խոշտանգումների հարցերով զբաղվող հատուկ զեկուցողի, ինչը պաշտպանության մեխանիզմ է և գործում է միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո»։
Հարցին, թե արդյոք արձագանք կա միջազգային կազմակերպություններից, թե ոչ, ասաց.
«Մենք շատ ակտիվ ներգրավածություն ենք ունեցել Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ կոմիտեի քննարկուների շրջանակում և 2024 թվականի մայիսին նրանք հրապարակել են կոմիտեի զեկույցը, որտեղ շատ խիստ գնահատականներ են ներկայացված և այնտեղ հատուկ բաժին կա, որը նվիրված է հենց հայերի առնչությամբ խոշտանգումների կիրառման պրակտիկային, դրա անթույլատրությանը:
Այստեղ իրավական գործընթացները իրենց պատշաճ հունով ընթանում են, և կարծում եմ պետության իրավական թիմը կկարողանա հասնել ճշգրիտ գնահատականների, սակայն այս գնահատականների համար պետք է օգտագործել ճնշում»:
Էմմա Մարտիրոսյան