«Ոստիկանությունը մոռանում է, որ իր առաջ իր թշնամիները չեն և թաղի կռիվ չեն անում խուլիգանի հետ․ Աբգարյանը՝ ոստիկանության կիրառած ուժերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիոկոպոս Գալստանյանի գլխավորությամբ օրերս հանրահավաքներ, բողոքի ակցիաներ էին իրականացնում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում, ինչի պատճառով էլ 96 ժամ այդ խաչմերուկները փակ են եղել։

Այդ հանրահավաքներից մեկի ժամանակ էլ ոստիկանների կողմից բիրտ ուժ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ինչից տուժել են ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլև՝ ԶԼՄ շատ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ խաչմերուկները բացվում են և որ մինչ երկուշաբթի սրբազանը հանդիպումներ է ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ։

ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։

Մեզ հետ զրույցում Աբգարյանն ասաց, որ չի կարող ասել, թե ճիշտ էր կամ ճիշտ չէր սրբազան հոր այս հայտարարությունը, քանի որ դա կարող է իմանալ միայն այն մարդը, ով ղեկավարում է շարժումը։

«Գիտեք, ես չեմ կարող ասել՝ ճիշտ էր, թե ճիշտ չէր, որովհետև դա կարող է իմանալ միյան այն մարդը, որը շարժումը ղեկավարում է։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, ինչ ինֆորմացիա նա ունի, այսինքն միայն նա կիմանա, թե ինչու է ընդունել այդ որոշումը, ուրեմն այդպես է հարմար գտել»,- ասաց Աբգարյանը։

Անդրադառնալով լուսաձայնային նռնակներ պայթեցնելուն՝ Աբգարյանն ասաց, որ այդ ամենը համարում է ոչ պրոֆեսիոնալ և նշեց, որ ոստիկանությունը մոռանում է, որ իր դիմաց թշնամիներ չեն կանգնած, որոնց ծեծում են։

«Նախ գործել են ոչ պրոֆեսիոնալ, թույլ են տվել կոպիտ սխալներ, բացի այդ այն կադրերը, որոնք ես էի նայում, առաջին անգամը չէ, ես տեսնում եմ ոչ թե պարզապես բողոքի ակցիան ցրել, հետ մղել փորձել, ես տեսնում եմ մարդկանց հետապնդել, փախչող մարդկանց հետապնդել և ծեծել։ Այսինքն՝ ոստիկանությունը մոռանում է, որ իր առաջ իր թշնամիները չեն և թաղի կռիվ չեն անում խուլիգանի հետ: Իհարկե պետք է այդպես չվարվեն և առանձին դրվագներում տեսնում ես, տպավորություն է, որ կարծես իր անձնական թշնամին լինի կանգնած։ Նաև նռնակների մասով պետք է ասեմ՝ ակնհայտ էր, որ նռնակները կիրառվել են ոչ միայն որպեսզի հետ մղեն ԱԺ շենքից մարդկանց, այլ նաև փախչող մարդկանց ուղղությամբ էին գցում, այսինքն դրանք քայլեր են, որոնք ոչ պրոֆեսիոնալ են, փորձում են ավելի շատ ինքնահաստատվելու, մկան ցույց տալու, վախեցնելու մասին, այլ ոչ ԱԺ շենքի անվտանգությունը ապահովելը»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով՝ լրագրողների հետ տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ, դա պետության համար շատ մեծ գիծ է լինելու և լուրջ խնդիր մարդու իրավունքների համար, որովհետև պարտադիր պետք է հետաքննվեն, թե ինչպես են լրագրողները ստացել իրենց տրավմաները և պարտադիր պետք է փոխհատուցում լինի լրագրողների տուժած տեխնիկաների համար։

«Ուզում եմ հավելել լրագրողների մասով, որ լրագրողների հետ տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ, դա պետության համար շատ մեծ գիծ է լինելու և լուրջ խնդիր մարդու իրավունքների համար, որովհետև պարտադիր պետք է հետաքննվեն, թե ինչպես են լրագրողները ստացել իրենց տրավմաները և պարտադիր պետք է փոխհատուցվեն լրագրողների տեխնիկան։ Ես տասնյակ տարիներ մասնակցել եմ բողոքի ցույցերին, այդ թվում նաև լարված իրավիճակներում և միշտ հիշում եմ, որպես ցուցարար, որ լրագրողները հետ էին քաշվում և իրենք էլ մեզ էին նայում տխուր աչքերով՝ հասկանալով, որ մեզ հետ գործողություն է տեղի ունենալու։ Մենք հրաժարվում էինք գնալ, լրագրողները հետ էին քաշվում, այսինքն՝ զգուշացվում էին։ Նման բան այս անգամ տեղի չի ունեցել, սրա համար իսկապես քննություն է պետք, և պարտադիր պատժվողներ պետք է լինեն»,- ասաց Աբգարյանը։

Լուսաձայնային նռնակների պայթեցումից հետո շատերը նշում էին, որ այս ամենը կարող էր դառնալ երկրորդ «մարտի մեկ», քանի որ տուժողները շատ էին, սակայն բարեբախտաբար զոհեր չունեցանք։

Աբգարյանը նշեց, որ մեկը մյուսի հետ չի համեմատի, քանի որ, ամեն դեպքում, մարտի մեկի դեպքերը հետընտրական իրադարձություններ էին և հասարակ մի իրավիճակը մյուսի հետ համեմատելը ես սխալ է համարում։

«Ես չէի համեմատի մարտի մեկի հետ, որովհետև ամեն դեպքում մարտի մեկը հետընտրական իրադարձություններ էին և հասարակ մի իրավիճակը մյուսի հետ համեմատելը ես սխալ եմ համարում։ Կոնկրետ հիմա մենք ունենք լրիվ այլ պատկեր, ներքաղաքական պայքար չէ ավելի շուտ, կոնկրետ հարցը դրված է  Հայաստանի անվտանգության, ապագայի, ոչ թե իշխանափոխության և իշխանության կռիվ է։ Սա առաջին ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այն ինչ տեսանք այդ օրը, ես չեմ բացառում, որ ավելի հուժկու հավաքի և իշխանության համար վտանգի դեպքում կարող են կրակել»,- ասաց Աբգարյանը՝ ավարտելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս