Ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն․ Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ և գլխավորությամբ օրերս հանրահավաքներ և բողոքի ակցիաներ էր իրականացնում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Իրականացվող հանրահավաքներից մեկի ժամանակ էլ, բացի այն, որ բիրտ ուժ կիրառվեց ոստիկանների կողմից, այլև հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակ պայթեցվեց։

Նշենք, որ լուսաձայնային նռնակների կիրառումից հետո վիրավորում ստացան ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլև շատ ԶԼՄ ներկայացուցիչներ և հավելենք, որ վնասվել են նաև շատերի տեխնիկաները։

Այս մասին ArmLur.am-ը զրուցել է ԱԺ  նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

-Տիկի՛ն Սամսոնյան, օրեր առաջ ականատես եղանք, որ Բաղրամյան-Դեմրիճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության աջակիցների, ցույցին մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ուժ կիրառվեց, լուսաձայնային նռնակներ պայթեցվեցին անգամ։ Ի՞նչ կասեք այս մասին, քանի որ ինչպես նկատում ենք, Դուք էլ մասնակցում եք հավաքներին։

-Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա ոչ զինված հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից գործադրված միջոցները եղել են ոչ իրավաչափ, իսկ ոստիկանության կողմից գործադրված արցունքաբեր նռնակների գործադրումը՝ մարդու կյանքի, անվտանգության և իրավունքների նկատմամբ կոպիտ խախտում։ Տպավորություն էր, որ ոստիկանությունը կռիվ է տալիս ինչ-որ զինված հանցագործների դեմ։ Մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են ոստիկանները մի քանի հոգով ծեծի ենթարկում քաղաքացիներին, ԱԺ պատգամավորի, այդ ընթացքում ևս ականատես եղանք ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու տեսարանների։ Պետք է նշել, որ բոլոր այդ ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց հաշվի առնելով, որ նրանց գործողությունները ուղեկցվում են իշխանության կողմից խրախուսանքով, ապա խիստ կասկածում եմ։ Ազգային ժողովում  վարչապետի ելույթի առաջաբանը, որով նա արդարացրեց ոստիկանների գործողությունները, նշանակում էր մի բան, որ 2008 թվականին իշխանությունը ուժ է կիրառել ցուցարարների վրա սահմանադրական կարգը պահելու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավականորեն մաքրեց Ռոբերտ Քոչարյանի ճակատից մարտի 1-ը, այլև բարոյապես։

-Պայթյունի ժամանակ Դուք ո՞ր մասում էիք գտնվում։

-Ես Բաղրամյան պողոտայի ցույցին չեմ մասնակցել։

-Առաջին լուսաձայնային նռնակը նետվեց կարծես թե ԶԼՄ ներկայացուցիչների ուղղությամբ։ Ըստ Ձեզ ո՞րն էր դրա պատճառը։

-Երկու պատճառ կարող է լինել։ Հանցավոր անփութություն կամ ուղիղ հրաման՝ թիրախավորելու լրագրողներին, որպեսզի վերջիններս չկարողանան տեսանկարարանել և արձանագրել ոստիկանության հանցավոր գործողությունները։

-Սրբազան հայրը երեկ հայտարարեց, որ երեք օր հանդիպելու է քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ըստ Ձեզ ճի՞շտ էր այս դադարը, թե՞ ամեն դեպքում պետք էր շարունակել ամեն բան։

-Ես շարժումը մարած չեմ համարում և կարծում եմ, որ դրա ազդեցությունը և անելիքը չի սպառվել։ Կարող են լինել պասիվ և ակտիվ փուլեր, բայց աշխատանք դեռ կա անելու, և ես նշել եմ, թե որն եմ տեսնում շարժման ելքը։ Խորհրդարանում ընդդիմության խայտառակվելուց հետո մնում  է մեկ բան՝ վայր դնել մանդատները և զրկել իշխանությանը խորհրդարանական լեգիմտիմությունից։

Աննա Սրապիոնյան




Լրահոս