Ռուսաստանը պատրաստ է «հենց վաղն» էլ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները։
Որպես խաղաղության նախապայման՝ ուկրաինական զորքերը պետք է հեռանան Դոնեցկի և Լուգանսկի տարածքներից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև երաշխավորել է ուկրաինական զորքի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։
Ըստ Պուտինի, առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։