ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց հայկական առաջին գեոպարկի ստեղծման ծրագիրը:
Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական եւ տեխնածին աղետների հիմնախնդիրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, խորհրդի անդամները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՊՀ-ի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայաստանում գեոպարկի ստեղծման նախադրյալները։
ՀՀ ԳԱԱ Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը, շեշտելով գեոպարկի ստեղծման կարեւորությունը, նշեց. «Գեոպարկը զբոսաշրջության տեսակ է։ Այն կնպաստի տեղանքի ենթակառուցվածքի զարգացմանը եւ, ամենակարեւորը, հանրությունը տեղեկացվելու է այդ տարածքների երկրաբանական վտանգների մասին»։
Նիստի ժամանակ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոդինամիկայի եւ երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը:
Նա նշեց, որ գեոպարկերն աշխարհագրական տարածքներ են, որոնց հիմքում առանձնահատուկ տեսարժան, երկրաբանական ժառանգությունն է, որը զուգորդվում է պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով։ Աշխարհում գեոպարկերը դիտարկվում են որպես կայուն տնտեսական զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության խթան։
«Գեոպարկերում կարեւորություն ունեցող բացառիկ երկրաբանական օբյեկտները եւ լանդշաֆտները կառավարվում են հետազոտական, պահպանման, կրթական եւ կայուն զարգացման ամբողջական հայեցակարգով՝ ընդգրկելով տեղական համայնքների ուժերն ու հնարավորությունները», – ասաց Արա Ավագյանը:
Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաեւ գեոպարկերի ստեղծման միջազգային փորձը՝ առաջարկվել է ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների գեոպարկ, այլ՝ մասնագիտացված:
Գեոպարկը կընդգրկի տարածքներ հիմնականում Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերից, փոքր հատվածներ կներառի նաեւ Կոտայքի եւ Արարատի մարզերից։
«ՀՀ տարածքը ենթակա է բազմաբնույթ երկրաբանական վտանգների ազդեցությանը։ Ուստի երկրաբանական վտանգներով մասնագիտացված գեոպարկի ստեղծումը կունենա նաեւ պաշտպանական նշանակություն», – նշեց Արա Ավագյանը:
Նորաստեղծ հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ համեմատաբար սահմանափակ տարածքում կունենա երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերող օրինակներ՝ ակտիվ տեկտոնական խզվածքներ, սողանքներ, նորագույն հրաբխականություն, հիդրոթերմալիզմ, լճային տրանսգրեսիա, զանգվածային ոչնչացման մասին վկայող շերտագրություն եւ այլն:
«Այս հանգամանքը հայկական առաջին գեոպարկին կտա բացառիկություն, առավել եւս, որ ընտրության արդյունքում կունենա տարածաշրջանային եւ մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ», – ասաց Արա Ավագյանը:
Խորհրդի անդամները նշեցին, որ անհրաժեշտ է առաջարկվող տարածքում հիմնել ազգային գեոպարկ եւ ստեղծել կառավարող մարմին, որում կընդգրկվեն գիտնականներ, պետական կառույցների եւ համայնքների համապատասխան մասնագետներ։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հատուկ նշանակության հիմնախնդիրների պրոբլեմային խորհրդի անդրանիկ նիստը։ Քննարկմանը մասնակցեցին խորհրդի անդամները ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները, «Լոկատոր» ՓԲԸ եւ «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ ղեկավարները:
Քննարկվեցին գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի եւ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության, պաշտպանունակության ամրապնդմանը նպաստող գիտական ուղղությունների վերհանման եւ ներդրումային ծրագրերի ձեւավորման, փորձագիտական խորհրդատվության վերաբերյալ հարցեր։
Խորհրդի գործառույթները ներառում են Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված հիմնահարցերի վերաբերյալ ներդրումային ծրագրերի ձեւավորման, վերլուծության, փորձագիտական եզրակացությունների, խորհրդատվությունների եւ առաջարկությունների տրամադրման հարցեր, պաշտպանունակության բարձրացմանը նպաստող գիտական ուղղությունների եւ թեմաների վերհանում, քննարկումների կազմակերպում եւ զարգացման առաջարկությունների մշակում, անվտանգության հիմնահարցերին վերաբերվող գիտական ուղղությունների եւ տեխնոլոգիական մշակումների հեռանկարների վերլուծություն, առաջարկությունների մշակում ու պետական մարմիններին ներկայացում:
ՀԱՂԹՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթողները համապատասխան հավաստագրերը ստացել են գործընկեր «Կոնվերս» բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Ինչպիսին կդառնաք՝ դա առաջին հերթին Ձեր որոշումն է եւ կամքը՝ իրականացնելու ապագայի Ձեր տեսլականը: Այս տեսանկյունից «Կարաս գինիներ»-ում միջոցառման կազմակերպումը պատահական չէ: Էդուարդո էռնեկյանը, կյանքի կոչելով Հայաստանում ներդրում կատարելու որոշումը, հեղաշրջում կատարեց հայկական գինեգործության ոլորտում: Այն, ինչ տեսնում եք, գինեգործության ոլորտում միջազգային լավագույն ավանդույթների, փորձառության ներդրման եւ գրագետ մոտեցման արդյունք է: Կրթվեք, եղեք գրագետ մասնագետ, ընդունեք որոշում եւ քայլ առ քայլ կյանքի կոչեք Ձեր երազանքը՝ սա է մեր խորհուրդը Ձեզ»:
ԵՊՀ Ուսխորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին «Կոնվերս» բանկին եւ պարոն Գրիգորյանին՝ կարեւորելով աջակցությունը կրթությանը ոչ միայն ֆինանսական, այլեւ կրթական համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից:
Հավաստագրերի հանձնմանը հաջորդեց հյուրասիրություն եւ շրջայց խաղողի այգիներում ու գինու գործարանում:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր ԵՊՀ Ուսխորհրդի 30-ամյակի եւ «Կոնվերս» բանկի 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Դրան մասնակցել են ԵՊՀ բակալավրի 1-3-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները, ովքեր ներհամալսարանական ու արտահամալսարանական բարձր հասարակական ակտիվություն են ցուցաբերում։
ՈՐՔԱ՞Ն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՏՐՎԵԼ
Կիրանց գյուդի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը համագյուղացու՝ Մհեր Սիմոնյանի տան նման սահմանազատման հետեւանքով անցնելու է Ադրբեջանին։ Մհեր Սիմոնյանը քանդում է Ադրբեջանին հանձնվելիք իր տունը. Խանումը նման բան չի անում։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հեռախոսազրույց ունեցավ Խանում Թամրազյանի հետ։ Հարցրինք, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ ինքը Իջեւանում բնակարան է գնել, կամ վարձակալել եւ իր տան համար պետությունից ինչքա՞ն փոխհատուցում է ստացել։ Խանումին զայրացրին մեր հարցերը, նա ասաց, որ Կիրանցում է ապրելու, վագոն-տնակը դնելու է Կիրանցում, այնտեղ է բնակվելու։ Նա նեղսրտեց, թե ինչու են բոլորը հետաքրքրվում իր անձնական հարցերով։ Ասացինք, որ դրանք անձնական հարցեր չեն, այլ հայրենիքի տարածքների հանձման հետ կապված խնդիրներ։ Խանումը իրեն դրամական փոխհատուցման, Իջեւանում բնակարան գնելու կամ վարձակալելու հարցերում հստակություն չմտցրեց, վերջում նշեց. «Այսքան որ պայքարեցի, ի՞նչ փոխվեց»։
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՀՈՂ Է ԾԱԽԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐԸ
Նախկինում բենզալցակայանում որպես վառելիքի լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021 թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով, Դիլիջան քաղաքից՝ շուկայականից զգալի էժան գներով հողեր է օտարել Երեւանի, Վանաձորի, Իջեւանի բնակիչների։ Այս անգամ Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հող է ծախել իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի՝ 2024 թ. մայիսի 2-ի թիվ 538-Ա որոշմամբ՝ 2024 թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1650.0քմ հողամաս (Լոտ-38 (ՔՀ-24)) Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ. թիվ 11/4 հասցեում՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11550000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 11550000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 10-րդ փողոց, 1-ին փակուղու. թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 8 արձանագրությունը: Ուշագրավ է, որ աճուրդում հողամասի մեկնարկային եւ առավելագույն գինը նույնն է՝ 11550000 դրամ։ Ինչպես ջահել, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ «Կոռուպցիան, հո պոզով-պոչով կենդանի չէ՞, կոռուպցիան հենց սա է, որ կա»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ