Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին բացահայտող, նրա գաղափարների ու ծրագրերի մասին պատմող՝ «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը բավականին մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այն հնարավոր է դիտել այս հղումով՝ հայերեն եւ անգլերեն ենթագրերով:
Բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմնականում նա խոսում է իր նախաձեռնությունների եւ ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին: Ֆիլմում խոսվում է նաեւ Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես, «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական ծրագրերի մասին: Ուշագրավ է կրթության դերի մասին հենց Ռուբեն Վարդանյանի խոսքը, որը մեջբերվում է ֆիլմում. «Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության հիմնական տարրը: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու փողը: Եվ այս առումով, սա միայն պարզապես բարեգործություն չէ։ Ես վստահ եմ, որ սա այն ապագան է, որը իր հետ կբերի փոփոխություններ, այդ թվում, ընդհանուր առմամբ, հաջողակ հասարակություն»:
«Կրթությունը Ռուբենի առաքելություններից մեկն է այս աշխարհում»,- ասում են ընկերները: Իսկ Ռուբեն Վարդանյանի ամենակարեւոր առաքելությունը նրանք համարում են այն, որ Վարդանյանը միշտ ամեն ինչին նայում է՝ իրավիճակը բոլորի համար բարելավելու տեսանկյունից: «Նա առաքելություն ունեցող մարդ է։
Նա մշտապես մտահոգված է եղել ժողովրդի ճակատագրով։ Այսինքն, նա միշտ ամեն ինչին նայել է՝ իրավիճակը բոլորի համար լավացնելու, մարդկանց կյանքը բարելավելու տեսանկյունից։ Սա բացարձակապես մարդասիրական գործունեություն է։ Այսինքն, նրա գործունեության մեջ չկա որեւէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։ Ստեղծել, կատարելագործել, գտնել փոխզիջումներ»,- պատմել է Վարդանյանի գործընկեր Միխայիլ Բրոյթմանը:
«Նա իրեն նվիրել է մարդկանց ու ծառայությանը։ Նա այն մարդն է, որը դա անում է ամբողջ կյանքում։
Ռուբեն Վարդանյանը, ինչ-որ պահի, լինելով բացարձակապես կայացած մարդ, որոշեց, որ այն ամենը, ինչ ունի, ինչ ստեղծել է եւ այլն, երկրորդական է, որ հարստությունն անցողիկ է, քանի որ կյանքում կան բաներ, որոնք սահմանում են քո գոյության իմաստը: Եվ նա հենց այդպես էլ վարվեց: Այդ ծառայությունը կարեւոր է, այն կյանքում առաջնային է։ Ցավոք, սա շատ քչերն են հասկանում»,-նշել է կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը։
Նախաբանում ֆիլմի հեղինակները նշում են. «Այս ֆիլմը մենք Ռուբենից գաղտնի ենք ստեղծել։ Եթե նա իմանար այս գաղափարի մասին, հավանաբար մեզ խորհուրդ կտար, որ մեր ժամանակն ու ջանքերն այլ տեղում օգտագործենք, բայց այստեղ մենք չենք համաձայնի նրա հետ։ Ռուբենի մասին այս հրաշալի մարդկանց պատմության միջոցով, նրանց, որոնց հետ ճակատագիրը նրան միավորել էր, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե նրա ներսում, ինչպես հենց Ռուբենն է ասում, միջուկային ռեակտոր է։ Երբ այն ամենը, ինչ այդ մարդն ունի, ծառայեցնում է ուրիշների համար եւ հավատարիմ է մնում իրական մարդկային արժեքներին: Մարդկանց ծառայելու ցանկությունը, նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են, դրդեց Ռուբենին տեղափոխվել Արցախ։ Նա հիանալիորեն գիտակցում էր իր կայացրած որոշման բոլոր ռիսկերը, բայց այլ կերպ վարվել չէր կարող։ Թե ինչ եղավ վերջնարդյունքում, բոլորս գիտենք»:
Ֆիլմը եզրափակվում է այս տարվա մայիսին «Ավրորա» մրցանակաբաշխության կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձով. «Ես վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ եւ ավելի բարի վայր դարձնելու համար։ Ինչպես Մարգարիտ Բարանկիցեն է ասում. «Սերը միշտ հաղթում է»։ Ուրեմն թո՛ղ հաղթեն սերն ու արժեքները։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք դրա դիմաց: Եվ թող յուրաքանչյուր ոք հասնի դեպի լավը տանող մեծ փոփոխությունների»։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՐԹԱԿ՝ «ՆՈՐԵԿՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը: Այս անգամ եւս փառատոնը կընթանա 3 փուլով՝ նախընտրական, ընտրական եւ սեւանյան:
Նախընտրական փուլի հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական փուլին, որը կկայանա հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք եւ հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սեւանյան փուլին։ Մասնակիցների կացության եւ սննդի ծախսերը կապահովվեն փառատոնի կողմից։
Փառատոնի սեւանյան փուլը կներառի երկու համերգային օր եւ տեղի կունենա հուլիսի 19-ից 21-ը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։
Համերգներին կմասնակցեն ընտրական փուլի արդյունքում ձեւավորված 2024 թվականի, ինչպես նաեւ նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը եւ ավագ սերնդի արդեն հայտնի ու սիրված երգահանները։ Հուլիսի 20-ի գալա համերգային ծրագիրը կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից եւ նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ- կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, տրամադրել բեմ, ինչպես նաեւ ստեղծել մշակութային միջավայր՝ հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջեւ շփման համար:
Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպել են «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը եւ Բարդերի ակումբը։
ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Թենիսի WTA վարկանիշային աղյուսակի 78-րդ համար Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձ տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչեւ 4-րդ շրջան:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը» ստիպված է 30 միլիոն դոլար փոխհատուցում վճարել գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյին եւ նրա շտաբի անդամներին, հայտնում է Marca-ն։
Ակումբն արգենտինացի մասնագետին գլխավոր մարզիչ էր նշանակել 2023/24 մրցաշրջանի ընթացքում, սակայն առաջնության ավարտից երեք տուր առաջ նրան պաշտոնանկ արեց։
Գալյարդոն նույնիսկ հեռացումից հետո շարունակել է մարզել «Ալ Իթիհադը», քանի որ մինչեւ 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի եւ դրա խզման հարցում համաձայնության չի հասել ակումբի հետ։
Նոր մարզիչ նշանակելու համար «Ալ Իթիհադը» պետք է Գալյարդոյին ու նրա շտաբի բոլոր 7 անդամներին միասին 30 միլիոն դոլար փոխհատուցում վճարի։
Կողմերը պայմանագրի խազման համար դեռ որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել։ 48-ամյա Գալյարդոն պատրաստվում է ակումբը մարզել նաեւ հաջորդ մրցաշրջանում։
«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ավարտված առաջնությունում 54 միավորով զբաղեցրել էր 5-րդ տեղը՝ չկարողանալով պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
ՄԵՆԱՄԱՐՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հուլիսի 28-ին Super Rizin 3-ի շրջանակներում ցուցադրական մենամարտ կանցկացնի, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
45-ամյա ֆիլիպինցու մրցակիցը կլինի այդ մրցաշարի կիսաթեթեւ քաշային կարգի գործող չեմպիոն, ճապոնացի 25-ամյա բռնցքամարտիկ Չիհիրո Սուզուկին: Մենամարտը տեղի կունենա Ճապոնիայի Սայտամա քաղաքում, բաղկացած կլինի երեք ռաունդից եւ կանցկացվի հատուկ կանոններով:
Պակյաոն մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։
Ֆիլիպինցին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 72 մենամարտ, տարել 62 հաղթանակ, պարտվել 8 անգամ եւ գրանցել 2 ոչ-ոքի։