ՃԻՇՏ Է, ՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ պայքարում է ներկայիս իշխանություններին հեռացնելու համար, այդ իսկ պատճառով էլ կազմակերպվում են բողոքի բազմաթիվ ակցիաներ, հանրահավաքներ։

«Ժողովուրդ» օրաթերթը այսօր զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։
-Պարո՛ն Ղազարյան, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ հունիսի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է տեղի ունենալու՝ Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության պահանջով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ խմբակցությունն այդ օրը նիստին չի մասնակցելու եւ տապալելու է այն:
-Ճիշտն ասած, նախ՝ չեմ հասկանում արտահերթ նիստի օրակարգը, որովհետեւ դա, ըստ էության, իրավական հետեւանքներ չառաջացնող նախաձեռնություն է: Փաստորեն մեր պատգամավորները գնում են ո՛չ թե սահմանադրական ճանապարհով՝ անվստահություն հայտնելու վարչապետին, ինչը ո՛չ միայն իրենց իրավունքն է, այլ այս պայմաններում նաեւ նրանց պարտականությունը, այլ նախաձեռնել են մի նիստ, որի ընթացքում պիտի քննարկեն մի տեքստ, որով վարչապետին կոչ են անում, որ նա անվստահություն հայտնի Կառավարությանը:
Իհարկե Խորհրդարանը ուղերձներ ընդունելու իրավունք ունի, սակայն այդ ուղերձները, որպես կանոն, այն հարցերի վերաբերյալ են, որոնք դուրս են Խորհրդարանի իրավասություններից՝ այդպիսով այլ մարմինների կոչ անելով որոշակի գործողություններ ձեռնարկել. սակայն այս դեպքում Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Սա խորհրդարանական երկիր է, որտեղ Ազգային ժողովն է նշանակում վարչապետին:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չմասնակցելուն, ապա սա սահմանադրական օրենքի կոպտագույն խախտում է: Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ պատգամավորի պարտականությունների մաս է կազմում ԱԺ նիստերին մասնակցելը: Հիմա, որ Հայկ Կոնջորյանը մասնակցում է ԱԺ հերթական նիստին, ճիշտ է անում, քանի որ դա իր պարտականությունն է: եթե հիմա ընդդիմությունը նախաձեռնել է արտահերթ նիստ, դրան մասնակցելն էլ է իրբ պարտականությունը եւ դա վերաբերում է բոլոր 170 պատգամավորներին: Նիստին պատգամավորը չի կարող մասնակցել միայն բացառիկ դեպքերում՝ գործուղում, առողջական խնդիրներ, կամ այլ անհետաձգելոի գործեր, որոնց բացատրությունը կարող է տալ հանրությանը: մարդը հանրային ծառայող է ով ստանում է վարձատրություն, արտոնություններ, բայց հրաժարվում է իր պարտականությունների կատարումից: Սա ապօրինություն է, ինչը լինել չի կարող: Ըստ որում, եթե դա Հայկ Կոնջորյանի անհատական որոշումը չէ, այլ նա դա ասել է խմբակցության անունից, նշանակում է՝ մի բան էլ Սահմանադրությունը այնտեղ են խախտում, քանի որ մեր Սահմանադրությունն ասում է. «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է ներկայացնում ողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ կայացնում է որոշումներ սեփական խղճով եւ համոզմունքներով»: Փաստորեն, եթե Հայկ Կոնջորյանը որոշում է կայացրել բոլորի փոխարեն, ուրեմն ոչ մի պատգամավոր սեփական խղճով ու համոզմունքներով որոշում չի կայացրել. Այսպիսով խախտվում է սահմանադրությունը: Փաստորեն՝ ի դեմս ՔՊ պատգամավորների, մենք գործ ունենք ոչ թե ԱԺ պատգամավորների, այլ կազմակերպված հանցավոր խմբի հետ, որոնք հակասահմանադրական գործողություններով խախտում են երկրի սահմանադրական կարգը:
-Պարո՛ն Ղազարյան, վաղը լրանում է Սրբազան հոր նշած 96 ժամը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ինքն է առաջնորդում եւ ամեն բան ինքն է որոշում: Ես մեկ հանձնառություն ունեմ՝ կատարել նրա բոլոր հանձնարարությունները եւ որոշումները: Կարծում եմ՝ իր հետագա հայտարարություններում կասի անելիքների մասին, ինչը հիմա դեռեւս չի ասում եւ ճիշտ է անում: Ես այստեղ իր կողքին կանգնած եմ, իր որոշումները կյանքի կոչելու համար:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

ՇԱՐԺՈՒՄԸ ԲՈԼՈՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ
Երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ազգային Ժողովում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին:

Ի պատասխան լրագրողների հարցերին՝ սրբազանն ասել է. «Սա ուղերձ է մարդկանց, սա իշխանափոխությունից ավելի է։ Այս շարժումն արժեքի, քաղաքական մտքի, ապրումների փոփոխություն է։ Մնացածը դատարկ է»։ Նա, մատնացույց անելով իշխանությանը, ասաց. «Սրանք ի՞նչ հիմքով են եկել իշխանության։ Դրա համար էլ այս վիճակում ենք գտնվում. արժեքային հիմքը սուտն ու կեղծիքն է»։ Փաստմանը՝ վաղը վճռորոշ օր է եւ հարցին՝ այս համատեքստում վաղն ի՞նչ գործողություններ են նախատեսվում, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Վաղվա համար բոլորին հրավիրում եմ ժամը 15։00-ին ներկա գտնվելու այստեղ։ Առաջին օրվանից մարդիկ, որոնք ներգրավված են եղել, բոլորն էլ հավատացել են փոփոխություններին։ Այստեղ ենք լինելու. շատ կարեւոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները՝ թե՛ վաղվա, թե՛ հաջորդ օրվա, կարողանանք հասցնել իրենց տրամաբանական եզրահանգմանը։ Բոլորին հրավիրում եմ ներկա լինելու ու մասնակցություն ունենալու ողջ գործընթացին։ Սա մեկ անձի մասին, կամ ինչ-որ խմբի մասին չէ. սա մեր երկրի խորքային փոփոխության մասին է, բոլորին է սա վերաբերում»։
Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի քանի ժամ է տվել, որպեսզի հրապարակեն շարժման ֆինանսական ելքերն ու մուտքերը։ Այս առիթով Բագրատ սրբազանն ասաց. «Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ի՞նչ կերպար ունի։ Իրենք չկան, գոյություն չունեն։ Այս երկիրը 15 հոգու ձեռքին կամ մեկ հոգու շուրջ հավաքված այդ սեւ ասպետներն ուզում են հասցնել իրենց չար նպատակների իրականացմանը։ Նա չկա, գոյություն չունի։ Եթե կասեք՝ ով է, ինչ է, կենսագրությունը ցույց կտաք, կպահանջեք այն մարդու ձեռքը կտրել, որը սուտ է խոսում, այն ժամանակ ես կպատասխանեմ։ Իրենց ամբողջ ուղեղը փողն է, ֆինանսականը, դրանից չկտրվելը, հանկարծակի, պատահական հայտնված լինելը։ Ուրիշ բան իրենք չունեն, չեն էլ կարող մտածել դրա մասին, թե ինչ իրավիճակի են հասցրել երկիրը, որ մարդիկ ստիպված են նորից այս փողոցները դուրս գալու։ 2015-ին ենք այս փողոցներում եղել, հիմա ստիպված ենք դարձյալ վերադառնալ նույն շրջանին։ Մարդը, եթե բարոյականություն ունենար, 2020-ին պիտի թողներ հեռանար»։
Լրագրողները փաստեցին՝ ՀՀ իշխանությունները վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում հաղթելու են։ Բագրատ սրբազանն ասաց. «Իրենք պիտի իմանան՝ նոր ընտրություններին մասնակցում են, թե ոչ։ Եկեք մեր ապագայից, մեր կյանքից խոսենք, այդ մարդկանց մասին չխոսենք, լուսավոր զգացումների մասին խոսենք։ Այդ մարդիկ ո՛չ խելք ունեն, ո՛չ կենսագրություն. իզուր տեղը ինչո՞ւ եք ժամանակ վատնում։ Իրենք աքլորի պես խոսում են։ Ջիվանու ասած՝ պատմուճանը հագել, բեմ են բարձրացել, խելքի՛ աշեցեք։ Բովանդակություն չունեցող մարդիկ են, հայրենիք հանձնած մարդիկ են նրանք, դարերով սրբարաններում ապրած մեր ժողովրդին բնավեր արած, գերեզմանները քանդած մարիկ են»։

ՍԵՓԱԿԱՆ «ԱՊԱՀԱ ԿԱ՛»-Ն Է ՍՏԵՂԾՈՒՄ
Իշխանությունները ՀՀ թոշակառուններին «ավետեցին», որ կենսաթոշակները չեն կարող գեթ մեկ լումայով բարձրացնել, քանի որ բյուջեում գումար չկա: Դրան զուգահեռ՝ երկրաչափական պրեգրեսիայով աճում են ՔՊ-ականների կանանց աշխատավարձերը։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կնոջ` կրտսեր ծրագրավորող Մարիամ Ավագյանի աշխատավարձը 2022 թվականին կազմում էր 3.6 միլիոն դրամ, ապա հաջորդ տարի, 2023 այն արդեն 6.7 միլիոն է։
Փաստորեն իշխող վերնախավը սեփական «Ապագա կա՛»-ի նոր կուրս է որդեգրել` անխնա բարձրացվում է նրանց կանանց եւ ընտանիքի բազում անդամների աշխատավարձերը, որոնք հարյուրներով, գուցե հազարներով գրանցվել են մասնավորապես պետական հիմնարկների հաստիքների վրա։

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ
Խորհրդարանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումներ կան:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:
Այս ամենի պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետեւաբար՝ նաեւ գները։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամները գործադուլ են անում եւ պահանջում, որ ԱԺ-ն օրենքի նախագծից հանի փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները։
Օրեր առաջ էլ փաստաբանները ԱԺ-ում հանդիպում էին ունեցել պատգամավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չնայած փաստաբանական համայնքի դժգոհություններին, ՔՊ-ն մտադիր է արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել նախագիծը:




Լրահոս