Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի վիճակ է։ ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց, որ պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի։ Նաեւ սա է եղել պատճառը, որ ժամանակին մի շարք բուժհաստատություններ չեն կարողացել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որովհետեւ պարզապես չեն ֆինանսավորվել. իսկ չեն ֆինանսավորվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու։
Նախկին նախարար Արսեն Թորոսյանը, օրինակ, ԱԺ-ում հարցրեց ֆինանսների նախարարին, թե «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետեւ չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեեւ չէին կարող տալ, որովհետեւ չէին ֆինանսավորվել», – ասել է նա։ Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են, բայց պարզվում է՝ նախարարության նախազգուշացումներին որեւէ մեկը «բանի տեղ չի դրել». «Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»:
Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել: Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում եւ մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու եւ խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։
Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երեւալ, ձեւացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչեւ նախարար դառնալը ժաննա Անդրեասյանը 2003 թվականից աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ հասարակ օգնականից դառնալով ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2020 թվականին, երբ Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր, նրա աշխատանքի վարձատրությունը կազմում էր 14 մլն 192 հազար դրամ։ Երեք տարի անց՝ 2023 թվականին, նախարարի պաշտոնում Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը կազմում է 19 մլն 722 հազար դրամ՝ 2021 թվականի համամետ աճելով գրեթե 5 մլն դրամով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարագրել է 2011 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Որպես տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել հենց 2022 թվականին՝ 7 մլն 168 հազար դրամ արժողությամբ։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։ Ժաննա Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր։
Հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սեւան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ հանգամանքներում գազալցակայաններից մեկում պայթուն ու դրա հետեւանքով հրդեհ եղավ, եւ ինչով էին զբաղված պետական պատասխանատու գերատեսչությունները: Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից, պարզվում է, տուգանվել է։ Գազալցակայանի եւ բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս սակայն նկատելի է, որ շատ քիչ ժամանակաշրջան է այն առանց խնդիրների աշխատել։ ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի անգամ է տուգանվել եւ ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել: Հասկանալի է, որ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ցուցումով միայն կարող էր նման որոշում կայացվել. իսկ թե ինչ մոտիվացիայով կարող էր տեսչականի ղեկավարը ներողամտություն ցուցաբերել, բարդ է ասել. համենայնդեպս, երբ ArmLur.am-ը դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղից բացատրեցին, որ «Տեսչական մարմնի ղեկավարը, 2023 թվականից սկսած, բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների եւ բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ, կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ եւ ավելի տուգանք է նշանակված եւ բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին. փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է. սակայն, պայթած լցակայանի սեփականատերն ասում է՝ «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների»: Նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ, օրինակ, փորձարկումն արվել է եւ լցակայանը ճանաչվել է անվտանգ շահագործման համար։ Տեսչական մարմին դիմել է, մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան»։
Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողմից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ «խորհրդավոր» պայմաններում լցակայանը շահագործվել է՝ մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ:
Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից. թերեւս ավելի անհասկանալի գնում, քան փաստաթղթում ներկայացվածն է (տե՛ս ArmLur.am կայքում)` դժվար թե հանդիպի։ Այսինքն՝ Սուրեն Պապիկյանի գերատեսչությունը չունի՞ փամփուշտ, կամ ինչի՞ համար, որտե՞ղ պետք է օգտագործվի 889 հազար դրամի փամփուշտը։ Գուցե որոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի այս խոշոր խմբաքանակը։ Սույն հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կփորձի պարզել։ Հ.Գ. Ամեն դեպքում չենք կարծում, որ երկրի այս աղետալի վիճակին զուգահեռ՝ Փաշինյանը դարձել է որսորդության սիրահար։