«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որը ի պաշտոնե պարտավոր է մեր երկրում արդարադատություն իրականացնելու ու հաստատելու, զբաղված է կոնկրետ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած առաջնորդներին ու քաղաքական գործիչներին թիրախավորելու գործընթացով։
«Ժողովուրդ» օրաթերթը այսօր մի քանի հարց է ուղղել նախարարին։
-Պարո՛ն Մինասյան, Դուք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն եք, եւ արդարադատության նախարարությունը մեր երկրում պետք է արդարադատության մթնոլորտն ապահովի, արդարադատություն հաստատի, մինչդեռ դուք թիրախավորել եք ընդդիմադիր առաջնորդներին, այսինքն՝ Ձեր առաջնորդի ընդդիմախոսներին եւ հրապարակային տեղադրել եք լուսանկարները: Ստացվում է՝ երկրի արդարադատության նախարարը, արդարություն հաստատելու փոխարեն, զբաղված է ընդդիմադիր առաջնորդներին թիրախավորելով: Դուք սա նորմա՞լ եք համարում:
-Ես նորմալ եմ համարում, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող որեւէ անձ, եւ յուրաքանչյուր անձ, ում օրենքով արգելված չէ քաղաքական գործունեություն իրականացնել, իր քաղաքական հայացքները կարողանա եւ հնարավորություն ունենա արտահայտելու:
-Երբ Դուք, Ձեր, այսպես ասած, հայացքներն էիք արտահայտում, քրեակատարողական հիմնարկում քաղաքացին հացադուլի մեջ էր, ինչի մասին ահազանգում էին իրավապաշտպանները: Հատուկ կառույցները, Մարդու իրավունքների պաշտպանը գնացել տեղում իրավիճակին ծանոթացել եւ ասել են, որ մարդը, որն ընդամենը պատժախուցը փոխելու ցանկություն ուներ, կարող էր մեկ-երկու օրվա ընթացքում մահանալ: Մինչդեռ մեր երկրի արդարադատության նախարարը իր քաղաքական հայացքների մասին է խոսում, պարո՛ն Մինասյան. սա նորմա՞լ է:
-Շատ նորմալ է, որ այսօրվա մեր իրականությունում, բոլոր պետական հաստատություններում այնպիսի ժողովրդավար մեթոդներ են գործում, եւ քրեակատարողական հիմնարկներում այնպիսի մթնոլորտ է, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ, եթե ունի բողոք կամ ցանկություն, որը չի բավարարում ՔԿՀ հիմնարկը, կարողանում է այս կամ այն կերպ իր դժգոհությունն արտահայտելու: Ձեր նշած դեպքի առթիվ կարող եմ ասել, որ, հուրախություն մեզ, հացադուլավորը դադարեցրել է հացադուլը: Մյուս կողմից էլ պետք է ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքին, որ յուրաքանչյուր մարդ չի կարող, իր ցանկությամբ, ՔԿՀ-ին թելադրել, թե որ խցում գտնվի կամ ինչ պայմաններ ունենա: Դա ՔԿՀ-ն պետք է հասկանա՝ արդյոք կարելի է բավարարել խնդրանքը, թե դա այլ ազատազրկվածների նկատմամբ առավելություն ունենալու միջոց է:
-Այսինքն, ինչպես հասկանում եմ, ընդդիմախոսներին թիրախավորելու Ձեր քայլը նորմալ եք համարում, պարո՛ն Մինասյան: Ձեր այս վարքը տեսնելով՝ հասարակ քաղաքացին ի՞նչ դասեր պիտի քաղի. եթե արդարադատության նախարարն է թիրախավորում այլոց, ապա խոսքի ատելությունն ու այլ դրսեւորումները նորմալ են դառնում: Դուք ի՞նչ օրինակ պիտի ծառայեք մեր քաղաքացիներին:
-Եթե Ձեր դիտարկմամբ, որը քաղաքական դիրքորոշում է, որոշել եք, որ անուն եւ ազգանուն դնելը թիրախավորել է, ապա ես Ձեզ հետ համաձայն չեմ: Քաղաքացիները տեսնում են, որ մեր երկրում յուրաքանչյուր ոք կարողանում է իր դիրքորոշումը հայտնել, եւ եթե որեւէ մեկը վիրավորվում է ուրիշի խոսքից եւ համարում է այն զրպարտություն, ապա կարող է քաղհայցով այդ հարցը լուծել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՄՈՒՐՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ՍՐԲԱԶԱՆ
«Իրենց արածը ո՛չ սահմանազատում, ո՛չ էլ սահմանագծում է, իրենք հարկադրանքի ներքո հանձնել են». – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Սրբազանն ասաց. «Խաղաղության պայմանագիրը մենք պետք է բերենք, ոչ թե այս մարդիկ, այս մարդիկ խաղաղություն են մուրում, ուղղակի դռնեդուռ ընկած մուրում են։ Նրանք այնտեղ ասում են՝ սահմանադրությունը փոխեք, սրանք այստեղից ասում են՝ մեկ ամսից կարող ենք խաղաղություն կնքել, սա ի՞նչ է, բանակցությո՞ւն եք համարում»։
Դիտարկմանը՝ իր տված 4 օրը մոտենում է ավարտին, նա պատասխանեց. «4 օր ասել եմ, հետո կարող է եւս 4 օր ասեմ, հետո մեկ ամիս ասեմ, հետո էլ մեկ տարի ասեմ։ Այսօրը շատ կարեւոր օր է մեզ համար, եւ ես ասել եմ՝ 4 օրը պայմանական օր չէ, ես ասել եմ՝ համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, ընդվզումը կհայտնի, իր համաձայնությունը կհայտնի ես էլ պատրաստ եմ իրականացնելու այն»։
Ապա նա հավելեց, թե այս իշխանությունները հայտարարել են, որ ջրցան մեքենաները միայն ծաղիկ ջրելու համար են լինելու, փշալարերն էլ ժանգոտելու են եւ հարց բարձրացրեց՝ բա ինչու են այստեղ։
«Եթե ժողովրդավար են ինչո՞ւ են բերել, այս մարդիկ ի՞նչ են արել, մի բան արե՞լ են, անցյալ օրն այդքան մարդ կար, որ ունենայինք չէի՞նք կարող մտնել ներս, կամ տարաբնույթ տեղեր չկա՞ն ներս մտնելու, լիքը, որից իրենք տեղյակ էլ չեն», – ասաց նա։
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՐԶԱՊԵՍ
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
«ԱԺ-ի դիմաց այսքան ոստիկանների ներկայությունը բնականոն ընթացք եք համարու՞մ: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ասում եմ՝ այս մարդիկ մեզ որեւէ անհարմարություն չեն պատճառում»:
Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ նամակ է ստացել, որ ԱԺ միայն Բաղրամյան պողոտայի կողմի մուտքից կարող է մտնել:
«Փաշինյանն ասում էր՝ «ժողովուրդն է իշխանության տերը, ամեն մեկդ մի վարչապետ է, կգա՛ք, քացով դուռս կբացե՛ք»: Հիմա այս մարդիկ «քացով» չեն բացում դուռը, եկել են, իրենց պահանջները ներկայացնում են: Ես պատգամավոր եմ, եւ որեւէ քաղաքացի, որը բողոքի ձայն է բարձրացնում, ինձ չի խանգարում, օգնում է»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին, թե Բագրատ Սրբազանի շարժումը նպատակ ունի կրկնօրինակել Նիկոլ Փաշինյանին, եւ Բագրատ Սրբազանը պատրաստվում է փշալարերը հաղթահարելով ԱԺ մտնել, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Իրենք տարված են իրենց առաջնորդին կրկնօրինակելով: Բագրատ Սրբազանը ոչ մեկին կրկնօրինակելու ցանկություն չունի:
Բագրատ Սրբազանը կայացած մարդ է, ինչո՞ ւ պիտի կրկնօրինակի: Բողոքի ցույցերը բոլոր երկրներում նույն կերպ են լինում: Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյա՞նն է հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում: Գնում են ձեռքները փաթաթում, վրան սրտիկ նկարում: Ուզել են Մոնթեին նմանվեն, բայց Մոնթեի ոտքի տակի հողն էլ չարժեն»:
ՆՌՆԱԿՆԵՐԻ «ՏԱՐԱՓ»՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ
Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցան սոսկալի բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Քաղաքացիների անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանները շարունակեցին բիրտ ուժ կիրառել վերջիններիս նկատմամբ, այնուհետեւ իրավիճակն ավելի թեժացավ եւ ոստիկանական ուժերը սկսեցին լուսաձայնային նռնակներ կիրառել՝ այդպիսով փորձելով ցրել անհնազանդության ակցիան:
Արդյունքում շուրջ մեկ ժամ գրեթե անդադար լուսաձայնային նռնակներ էին կիրառվում Բաղրամյան պողոտայում, որի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին, նրանցից մեկը ձեռքի դաստակի ծանր վնասվածք էր ստացել, եւ ավելի ուշ հայտարարվեց, որ քաղաքացին վիրահատվում է:
Ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեց թարմ տվյալներ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժածների վերաբերյալ։
«22։15-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ եւ ոստիկան։ 6 պացիենտ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս է գրվել», – հայտնել են առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ կիրառված լուսաձայնային նռնակների պայթյունից տուժել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը. նռնակը վնասել էր նրա ոտքը:
ԱՐԱՄ Ա ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Վատիկանում:
Հանդիպումը տեւել է 30 րոպե, նրանք առանձնազրույց են ունեցել, իսկ հետո ներկայացրել են հայկական պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ քրիստոնեական միասնության աջակցման գծով Պապական խորհրդի ղեկավար, կարդինալ Կուրտ Կոխը։
Կաթողիկոսին ուղեկցում էին կաթողիկոսության Միջին Արեւելքում քրիստոնեություն-իսլամ միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, վարդապետ Սարգիս Աբրահամյանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։
Նշենք, որ Արամ Ա-ի այցը Վատիկան մեկնարկել է հունիսի 11-ին։ Նա հրավիրվել է դասախոսություն կարդալու՝ «Կրոնի դերը աշխարհաքաղաքականությունում» թեմայով։
Վատիկան կատարած այցի ընթացքում Արամ Ա-ն կհանդիպի նաեւ Վատիկանի պետական քարտուղարի, միջեկեղեցական կապերի եւ արեւելյան կաթոլիկ եկեղեցիների բաժինների ղեկավարների հետ։