ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ ՔՐ. ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ «ՖԱԶԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրաստված է եղել։ Մասնավորապես՝ նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ, Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Մասնավորապես՝ գրել էինք, որ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ էին արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարել էին պաշտոնական լիազորությունների չարաշահում ու դատավորը մինչ օրս կանգնած է դատարանի առաջ։ Նրա սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Shamshyan. com-ը հայտնել էր, որ հունիսի 11-ի գիշերը կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հեւտեւանքով սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։ Այս պահին ողջ իրավապահ համակարգը ջանքեր է գործադրում սպանությունը բացահայտելու համար։
Իսկ ինչ սկանդալային պատմության մեջ էր նախկինում հայտնվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը ՝ «Ֆազ» մականվամբ։
Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց, որին ավելի ուշ ազատ արձակեցին։
Ավելի ուշ պարզվել էր, որ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», դատարանի դիմաց եղել էր այն պարզ պատճառով, որ իր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին պետք է ներկա լիներ։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, դրա համար էլ ներկա էր գտնվել դատարանի բակում։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11-ին Երեւանի Շինարարների փողոցում տեղի ունեցած՝ 43-ամյա տղամարդու սպանության, ինչպես նաեւ 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։
Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» եւ 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ Երեւան քաղաքի Շինարարների փողոցում՝ միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» եւ «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԳՈՐԾԸ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։

Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ Երեւան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Դ.Պ.-ն, վերջինիս ընկերներ՝ 21-ամյա Ա.Մ.-ն եւ 19-ամյա Հ.Ս.-ն, վազել են նրա ուղղությամբ: Երիտասարդների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ երիտասարդներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները շարունակել են ոտքերով, մահակով հարվածներ հասցնել գետնին ընկած երիտասարդի մարմնին։ Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Ավելի ուշ Դ.Պ.-ն, եւ Ա.Մ.-ն, դեպքի հետ առնչություն չունեցող եւս մեկ անձի հետ հայտնաբերվեցին Սիսիան քաղաքում եւ ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված փաստական տվյալների, այդ թվում՝ Ա.Մ.-ի տված ցուցմունքների հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Մյուս երկու անձանց՝ Ա.Մ.-ին եւ Հ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնցից առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը եւ հայտարարվել էր հետախուզում:
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու եւ նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Արդյունքում 21-ամյա Դ.Պ.-ն-ին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը եւ նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաեւ հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի նկատմամբ։
Իսկ Ա.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել է խոստովանական ցուցմունքներ:
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՄԻՊ-ն անդրադարձել է Հաթերքի նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ ահազանգերին:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։
Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում՝ պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից», – ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձեւով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին»:

ՈՎ ԷՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ՖԱԶԸ»
Shamshyan. com-ը հայտնել էր, որ երեկ գիշեր կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հեւտեւանքով սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։ Այս պահին ողջ իրավապահ համակարգը ջանքեր է գործադրում սպանությունը բացահայտելու համար։
Իսկ ինչ սկանդալային պատմության մեջ էր նախկինում հայտնվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել ու միջադեպի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը ՝ «Ֆազ» մականվամբ։
Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց, որին ավելի ուշ ազատ արձակեցին։
Ավելի ուշ պարզվել էր, որ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», դատարանի դիմաց եղել էր այն պարզ պատճառով, որ իր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին պետք է ներկա լիներ։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, դրա համար էլ ներկա էր գտնվել դատարանի բակում։




Լրահոս