ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻՑ ՉՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սեւան ճանապարհին պայթյունի ձայն է հնչել գազալցակայաններից մեկի կողմից. ավելի ուշ նկատվել է, որ հրդեհ է բռնկվել։

Գազալցակայանի եւ բենզալցակայանի գործունեության պատմությունը խառն է, նույնիսկ՝ կոռումպացված։
Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին. այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից տուգանվել է։
Գազալցակայանի եւ բենզալցակայանի տուգանքի պատմությունը տեսնելիս նկատում ենք, որ այն իր գործունեության ընթացքում շատ քիչ ժամանակաշրջան է առանց խնդիրների աշխատել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում որքան է տուգանվել, քանի անգամ եւ ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրն էլ այսօր շոկային բացահայտում արեց, ըստ որի՝ գազալցակայանի պայթյունի հետ կապված՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, երբ այս տարի հայտնաբերել է, որ որպես «ԱՎՕ» փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել: Աղբյուրն ասում է, որ տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանի ցուցումով չի դադարեցվել, ու թույլատրել են աշխատել։ Մեր աղբյուրը նշում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը անձամբ ցուցում է տվել, որ գազալցակայանին «չկպնեն»։ Ավելին՝ ՍՊԸ-ին պատկանող գազա եւ բենզալցակայանները գործուն պահելու համար Գարեգին Խաչատրյանն ու «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը որոշակի գործարքների մեջ են եղել, որից հետո լցակայանի աշխատանքը վերականգնվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, որտեղից կտրուկ արձագանքեցին մեր տեղեկությանը՝ նշելով, որ սա մանիպուլյացիա է։
«Տեսչական մարմնի ղեկավարը 2023 թվականից սկսված բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների եւ բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ եւ ավելի տուգանք են նշանակված եւ բռնագանձված։ «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով՝ կասեցում ունենք. վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին, փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է։
Սեփականատերն ասում է՝ ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների, դրանք զուտ նախագծային փաստաթղթերը նա ունի, բայց նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ օրինակ՝ փորձարկումն արվել է, եւ լցակայանը ճանաչվել է անվտանգ՝ շահագործման համար։
Տեսչական մարմին դիմել, է մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան։
Ես բացառում եմ կաշառքի լուրը, ես համարում եմ այն զրպարտություն, չգիտեմ՝ ինչ միտում ունեն մարդիկ։ Գուցե նրանք նեղացած են, ինչ-որ գործառույթներով առնչվել են տեսչական մարմնի հետ եւ չեն ապահովվել իրենց ցանկալի արդյունքները եւ փորձում են այս կերպ անվանարկել եւ վարկաբեկել Գարեգին Խաչատրյանի անունը, բայց ես բացառում եմ», – մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին տեսչական մարմնից։
Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողմից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ, չգիտես, թե ինչպես, լցակայանը շահագործվել է մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖԻԶԻԿԱ…». ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԼԻՆԻ
Հունիսի 18-21-ը Երեւանում, Աշտարակում եւ Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման եւ ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով:
Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
Այստեղ բացի զեկուցումներից նախատեսված է նաեւ փորձարարական մաս:
Հունիսի 20-ին աշխատանքները կշարունակվեն Մեծամորում տեղակայված Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Համաժողովի մասնակիցների համար ատոմակայանի մասնագետների կողմից կներկայացվեն զեկուցումներ ատոմային եւ միջուկային ֆիզիկայի վերաբերյալ: Մեծամորի ատոմակայանի աշխատանքային ողջ ցիկլը կուղեկցվի էքսկուրսիաներով եւ ցուցադրումներով: Աշխատանքային օրը կավարտվի ատոմակայանի ղեկավարության հետ հանդիպմամբ:
Գիտաժողովի վերջին օրը՝ հունիսի 21-ին, աշխատանքնեը կիրականացվեն Երեւանում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում:
Զեկուցումները կվերաբերեն քվանտային ֆիզիկային ու ավագ դպրոցում վերջինի հիմունքների դասավանդմանը: Համաժողովի մասնակիցները կլինեն ինստիտուտի լաբորատորիաներում, հնարավորության սահմաններում՝ ըստ նախասիրության, կծանոթանան փորձարարական տեղակայանքներին: Ինստիտուտի տնօրեն Վ. Քոչարյանը ֆիզիկայի ուսուցիչներին կծանոթացնի ինստիտուտի պատմությանն ու ձեռքբերումներին: 4-օրյա աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը: Միջոցառումն իրականացվում է «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ: «Գիտության շաբաթ» փառատոնը կկրի միջազգային բնույթ։ Վերջինիս շրջանակում կանցկացվեն ապակենտրոնացված միջոցառումներ նախադպրոցական, հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գիտության շաբաթվա շրջանակում Երեւանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը բաղկացած կլինի թեմատիկ 3 մասերից: Առաջին մասը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը եւ կկրի «Գիտությունն ամենուրեք է» խորագիրը, երկրորդը մասը տեղի կունենա հոկտեմբերի 3 4-ը՝ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով, իսկ երրորդ մասը կկրի «Գիտական ֆանտաստիկա» խորագիրը եւ կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:
«Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձեւաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը եւ նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաեւ խթանել քննադատական մտքի եւ գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

ԴՊՐՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3 ԱՄԻՍ Է ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 3 ամիս է դադարեցված է. ոչ մի աշխատանք չի կատարվում։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին. շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի՝ 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Զրուցեցինք այդ շինարարության նախկին աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերոյոժա Ամիրաղյանի հետ։ Նա ասաց, որ սահմանամերձ Դովեղում տեղացի բանվորներ են աշխատել, սակայն հետո ընկերությունը նրանց փոխարինել է պարսիկ բանվորներով, որոնց էլ փոխարինել է արաբներով։ Սահմանագոտում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորութւամբ, իրանցի, արաբ բանվորներ աշխատեցնելը կարող է խնդիկրներ ստեղծել սահմանի անվտանգության համար։ Ս. Ամիրաղյանը հայտնեց, որ ինքը մարտի 31-ին, «Կանժիլստրոյ» ՍՊԸ տնօրենի հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել աշխատանքից. «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն իրեն աշխատավարձի գումարներ է պարտք: Նա հայտնեց, որ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի տնօրենն իր աշխատավարձի գումարները չվճարելը պատճառաբանել է այն բանով, որ քաղաքաշինության կոմիտեում վարչության պետի պաշտոնը թափուր է , պետք է այդ վարչության ղեկավար նշանակվի, որ Դովեղում շինաշխատանքների ֆինանսավորում լինի։ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն այժմ նաեւ Վայոց ձորի Չիվա գյուղում է դպրոց կառուցում։ Ս. Ամիրաղյանն ասաց, որ Դովեղի դպրոցի աշխատանքների ժամանակ այս գարնանը տրակտորիստ է աշխատել, որից հետո սակայն տեղափոխել են Չիվայի դպրոցի շինարարություն։ Դովեղի դպրոցի նորակառույց շենքը գտնվում է Դովեղ մտնող ճանապարհի եզրին. դրանից ցած պետք է հենապատ կառուցվեր, սակայն այն չի կառուցվել, դեպի սահմանագոտի տանող, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը հենապատի բացակայության պատճառով կարող է փլչել։ Դպրոցի շինարարության ավարտի վերջնաժամկետ է սահմանվել այս ամսվա՝ հունիսի կեսը, սակայն դպրոցի շենքի շինարարությունը կատարվել է ընդամենը 20-25 տոկոսով։ Ինչո՞վ են զբաղվել քաղաքաշինության կոմիտեն, Տավուշի մարզում պետական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Տավուշի մարզապետարանը, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետ Հայկ Ղալումյանը, եթե Դովեղի դպրոցի շինարարությունը վաղուց դադարեցված է ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս