«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջեւանում եւ Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին եւ 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախաձեռնված ծրագիրն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությանը. «Մշակույթի ռազմավարության կարեւոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու համապատասխան միջավայրերի ձեւավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը: Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական- զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում»:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային ակտիվության խրախուսմանը:
«Այդ իմաստով «Ֆեստիվառն» իրոք աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել:
Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա:
Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, եւ ներառել այն քաղաքները, որոնցում կարեւորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը: Որակյալ երաժշտության եւ ծրագրի առկայությանն առանցքային նշանակություն է տրվում: Փառատոնային այս ձեւաչափը նաեւ հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին նորովի բացահայտել Հայաստանը»,- նշել է նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաեւ այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր: Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ մարզերում տնտեսական կյանքի զարգացման վրա փառատոնի թողած ազդեցությունը. «Փառատոնի ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ տեղի տնտեսվարողներին հարթակի տրամադրումը՝ իրենց արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ փառատոնային ծրագրում ակտիվորեն ընդգրկված են մարզերի մշակութային խմբերը եւ հաստատությունները, որոնք օրվա ընթացքում ելույթներ են ունենում՝ եւս մեկ հնարավորություն ունենալով իրենց ստեղծագործություններն ու կատարումները ներկայացնելու հանրությանը»:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:
«Կարծում եմ՝ կարեւոր ուղերձ է, որ մենք մշակույթը տանում ենք մարզեր ու նմանօրինակ խոշոր միջոցառումներ կազմակերպում ենք հենց մարզերում: Հանրային հեռուստաընկերության համար եւս սա կարեւոր փորձառություն է, քանի որ ոչ թե պարզապես հեռարձակողի դերում ենք, այլ՝ մի մեծ փառատոնի կազմակերպչի: Կարեւոր է, որ միջոցառումն այսուհետ կկրի ամենամյա բնույթ: Նախորդ տարվա փառատոնից հետո տարբեր քաղաքներից առաջարկներ ենք ստացել «Ֆեստիվառն» անցկացնելու վերաբերյալ», – ասել է Հովհաննես Մովսիսյանը:
Ներկայացնելով «Ֆեստիվառի» ծրագիրը՝ Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Օգոստոսի 10-ին Իջեւանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր՝ երկու երկրների տարբեր կատարողների մասնակցությամբ, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը՝ ի թիվս այլ արտիստների:
Մյուս կարեւոր բաղադրիչը, ըստ Հովհաննես Մովսիսյանի, տեղական արտադրանքի վաճառքն է. համայնքներում տեղական արտադրողներին տրամադրվում են անվճար վրանային հատվածներ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու եւ վաճառելու համար:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԵՂԵԳԻՍԻ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ
Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում եւ բարերարների միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի եւ կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում եւ արժանացել հավանության:
Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին տասնամյակներից մինչեւ XVII դարի կեսերը եղել է Վայոց ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարեւոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:
Զորաց եկեղեցին գյուղի արեւելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է:
Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):
«ԱՀՆԻՁՈՐ»
Գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի համար բնության հետ շփումը առանցքային էր, որի լավագույն վկայությունը առանձնատուն-արվեստանոցն էր, որ նա կառուցեց 80-ականներին Ահնիձորում՝ Հրանտ Մաթեւոսյանի տան հարեւանությամբ: Լոռվա բնաշխարհն ու արվեստը միավորելու մեծ ցանկությամբ Մաթեւոսյանները վերաձեւակերպել ու «Նկարչի Տուն» կոնցեպտով «Ահնիձոր» հյուրատունն են բացել: Գաղափարը կյանքի է կոչվել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ:
Բրենդավորել մաթեւոսյանական Ահնիձորն ու մոռացությունից փրկել Խաչիկ Ղարաբեկյանի հայտնի արվեստանոցը: Ժամանակին այն Լոռվա բոհեմի հավաքատեղին էր: Լոռու բնաշխարհն ու արվեստը միավորելու մեծ ցանկությունը Մաթեւոսյանների ընտանիքին ոգեւորեց Խաչիկ Ղարաբեկյանի արվեստանոցը վերակառուցել ու դարձնել մի վայր, ուր կհամատեղվեն ստեղծագործական կյանքն ու հանգիստը:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ ԱԿՈՒՄԲԸ
Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին:
Այս մասին գրում է The Guardian-ը:
Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերթոն»-ը գնելու համար՝ ներդրողների ներգրավելով նաեւ ԱՄՆ-ից եւ Ծոցի երկրներից։
Բացի Վաչե Մանուկյանից, անգլիական ակումբի գնման գործընթացին մասնակից են ուզում դառնալ նաեւ MSP Sports Capital-ի սեփականատերերը, ինչպես նաեւ բրիտանացի գործարարներ Էնդի Բելլն ու Ջորջ Դաունինգը:
Վաչե Մանուկյանը իր կարիերան սկսել է Միացյալ Թագավորությունում՝ աշխատելով որպես փաստաբան:
ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մամիկոն Ղարիբյանն աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության առաջատարներից է:
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը:
Պատանիների առաջնությունում հայ շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը եւ Ռուդիկ Մակարյանն ունեն 6.5 միավոր եւ կիսում են առաջին հորիզոնականը Նոգերբեկ Կազիբեկի եւ Կարդոսո Կարդոսո Խոսե Գաբրիելի հետ:
Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանն ունի 6.5 միավոր եւ կես միավորով հետ է մնում միանձնյա առաջատար Դիվյա Դեշմուխից։
Առաջնության ավարտին մնացել է 3 որոշիչ խաղափուլ:
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ
Եվրո-2024-ին պատրաստվող հավաքականներն անցկացրին հերթական ընկերական հանդիպումները։
Նիդեռլանդների հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ իսլանդացիների նկատմամբ, որոնք նախորդ խաղում 1:0 հաշվով պարտության էին մատնել Անգլիայի թիմին։
Լեհաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց թուրքերին։
Չեխիայի թիմը նույն հաշվով ուժեղ էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից։
Ընկերական հանդիպումներ
Նիդեռլանդներ – Իսլանդիա՝ 4:0
Խավի Սիմոնս, 23, Վիրջիլ վան Դեյք, 49, Դոնիել Մալեն, 79, Վաուտ Վեգորստ, 90+4
Լեհաստան – Թուրքիա՝ 2:1
Կարոլ Սվիդերսկի, 12, Նիկոլա Զալեւսկի, 90 – Բարիշ Ալպեր Յիլմազ, 77
Չեխիա – Հյուսիսային Մակեդոնիա՝ 2:1
Պատրիկ Շիկ, 60, 11մ, Անտոնին Բարակ, 90+9, 11մ – Իսնիկ Ալիմի, 65: