Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։
2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ նախագահի ձայնը, այն էլ` կրկին ոչ հուսադրող բովանդակությամբ։
«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց իրենց պահվածքն այլ էր։ Այսօրվա միտինգի կազմակերպիչներն այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է», – ասել է Խաչատուրյանը։
Հայաստանում «ժամանակ անցկացնող» նախագահը 2023 թվականի 12 ամիսների ընթացքում ստացել է 15 մլն 794 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ նախագահի աշխատակազմից։
Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում։
Անշարժ գույքերից 2 հողամասը Խաչատուրյանը ժառանգություն է ստացել 2017 թվականին, մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, մյուսը Արաբկիր վարչական շրջանում։
ՀՀ նախագահին պատկանող տունը եւ ավտոտնակը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում. այս գույքերն էլ նախագահը նվիրատվություն է ստացել 2002 թվականին։
Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 40 մլն դրամ եւ 1 հազար 200 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 200 հազար դրամ եւ 18 հազար դոլար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա: Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երեւանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտեւի 2 օր: Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է կուսակցության. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Նշենք, որ ՔՊ քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին թիմակիցները ներկայացրել են, թե ընդդիմությանն արդեն «իրենց տեղն են դրել», իսկ սրբազան պայքարն արդեն «վերջնակետին» է հասել: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար այլեւս վտանգներ չկան, քանի որ արդեն «կոտրել են» շարժման ողնաշարը, իսկ Բագրատ սրբազանն արդեն հուսալքված է, քանի որ, ըստ նրանց, հանրապետությունը չի ցանկանում բիրտ ուժի մասնակիցը դառնալ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանության ներկայացուցիչներն արդեն պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները տարբեր երկրներում. հայրենի նախարարները հերթով արձակուրդի կմեկնեն, իսկ օրենսդիր մարմինն արդեն ավարտում է իր նստաշրջանը: Գուցե արտահերթ նիստեր լինեն, բայց դա չի խանգարի իշխանության անդամներին իրենց արձակուրդը վայելելու համար: Կարելի է ասել, իշխանությունը փորձում է անցնել իր բնականոն կյանքին, նաեւ հանրապետությանը ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազանի առաջանորդած շարժումն իրենց չի մտահոգում:
Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ կայացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգիստը։ Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 3 օր եւ այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ երեկվա դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, եւ Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։ Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները։