ArmLur.am-ը Բաղրամյան պողոտայում կատարված բախումների մասին զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ։
-Տիկի՛ն Կյուրեղյան, հունիսի 12-ին Ազգային ժողովի հարցուպատասխանն էր Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հետ, դրան զուգահեռ այստեղ՝ Բաղրամյան եւ Դեմիրճյան խաչմերուկներում, բիրտ ուժ կիրառվեց ցուցարարների, շարժման աջակիցների, մասնակիցների նկատմամբ, եւ օգտագործվեցին նույնիսկ լուսաձայնային նռնակներ: Դուք՝ որպես Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ինչպե՞ս կմեկնաբանեք այն քայլերը, որոնք կիրառեց իշխանությունը ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում 90 եւ ավելի քաղաքացի, վերջին տվյալներով, վիրավոր են եւ դիմել են բուժօգնություն ստանալու համար:
-Ըստ էության, մեր օրենսդրության մեջ էլ է ֆիքսված, որ ցուցարարների նույնիսկ ամենասադրիչ գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ոչ իրավաչափ ուժի կիրառման ոստիկանության կողմից, եւ երբ մենք Ազգային ժողովում այդ մասին բարձրաձայնում էինք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոստիկանները, ըստ էության, գործողություններ են կատարում օրենքի շրջանակում, դրանով նա ուղերձ հղեց ոստիկանությանը. «Դուք արեք այն ամենը, ինչ պետք է», կարծես ասելով՝ դուք արեք, ես «տեր եմ»:
-Ասում են՝ հենց դահլիճից է զանգահարել նախարարին ու հրահանգ տվել:
-Փաշինյանը հայտարարեց, իբրեւ թե իմ հայտարարությունից հետո դուրս է դուրս եկել, խոսել ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի ու ՆԳ նախարարի հետ, ճշտել՝ իմ ասածներն իրականությանը համապատասխանու՞մ են, թե՞ ոչ, եւ բացասական պատասխան ստացել. բայց ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ նա դուրս եկավ եւ ոստիկաններին հրահանգեց՝ արեք քայլերը ինչպես պատկերացնում եք, «Ես տեր եմ»: Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ ի պատասխան իմ հարցին եւ գործընկերներիս մեկնաբանություններին: Իբրեւ թե, ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակում, եւ եթե հանկարծ վաղը պարզվի, որ մի բան այն չէ՝ «մենք քննություն կիրականացնենք, եւ ովքեր մեղավոր կլինեն, կպատժվեն»: Նա, սակայն, նախապես արդեն ուղերձը հղել էր. սա, հստակ, վարչապետի կողմից արված հրահանգ էր ներքին գործերի նախարարին կամ ԱԱԾ պետին, որպեսզի ամեն գնով ցուցարարների այս ցասումը դիմադրության առնի, թեկուզ բիրտ ուժի կիրառմամբ:
Եվ բոլորս տեսանք, թե ինչպիսի կոշտ ուժ կիրառվեց քաղաքացիների հանդեպ. մոտ 100 ցուցարար ունենք քննչական կոմիտեներում, որոնց հետ կապված քրեական գործ է հարուցվել, նաեւ ունենք շուրջ 100 վիրավորներ, որոնք դեռ հիվանդանոցում են (խմբ. երեկ) ընդ որում՝ նրանցից մեկի ձեռքի դաստակն ամպուտացված է եւ վիրահատել էին: Վիրավորների կադրերը կան՝ ինչպես է մարդկանց գլխից արյուն հոսում, վնասված ձեռքերի, ոտքերի, մարմնի վնասված այլ մասերի կադրեր՝ նույնպես. իսկ Փաշինյանն ասում է՝ այդպիսի բան չկա, սուտ եք խոսում:
Փաստացի, վարչապետն իր հայտարարություններով ապացուցեց, որ «Մարտի 1»-ի իրականացնողն ինքն էր: Նա մարտի 1-ին ասում էր. «սիրտս փառավորում է, երբ ցուցարարները հարվածում են», երեկ էլ իր սիրտը փառավորվում էր, երբ ցուցարարներին էն հարվածում:
-Տիկի՛ն Կյուրեղյան, կարո՞ղ էր «Մարտի 1» կրկնվել հունիսի 12-ին, եթե ժամանակին չկանխվեին բախումները:
-Եթե Բագրատ Սրբազանի փոխարեն լիներ մեկ ուրիշը՝ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, հաստատ կլիներ «Մարտի 1», եւ դեռ մի բան էլ ավելի լուրջ:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԷՐ ՀԱՍՆՈՒՄ
ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժել են նաեւ «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը, որը ոտքերի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, տուժել էր նաեւ կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Ավետիսյանը, որը ոտքի ծանր վիրավորում էր ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ Վիկտոր Մնացականյանը պատմեց, որ թե’ իր, թե’ Արման Ավետիսյանի վիճակն արդեն լավ է. «Արմանին այսօր արդեն երկրորդ անգամ վիրակապեցին: Իմն ուղղակի ոտքի եւ մարմնի տարբեր թեթեւ վնասվածքներ են, Արմանի վնասվածքներն են մի քիչ ավելի ծանր, բայց հիմա արդեն լավ է, նա տանն է:
Մենք հաշվի ենք առնում, որ հանրահավաքների ժամանակ նման միջադեպեր կարող են լինել», – ասում է Մնացահանյանը՝ նկատելով, որ երեկ հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը ոչ իրավաչափ միջոցներ է կիրառել. «Եթե կիրառված միջոցները լուսաձայնային էին, ինչու էին հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածքներ ստացել:
Ոստիկանները լուսաձայնային նռնակները պլաստմասե շշերի մեջ էին դրել, որ ճնշումից շիշը պայթի ու մարդկանց ոչ խոր վնասվածք հասցնի:
Նաեւ նշեմ, որ նռնակները հենց հավաքված քաղաքացիների մեջ էին գցում», – պատմում է նա:
Վիկտոր Մնացականյանը նաեւ ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի. «Շտապ օգնության կենտրոնական կայանը հավաքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, բայց 20-25 րոպե ուշացումով էին տեղ հասնում:
Ես, երբ Պռոշյան-Բաղրամյան պողոտայում մոտեցա պարեկներին, 10 րոպե խնդրում, համոզում էի, որ շտապ բուժօգնություն կանչեին:
Մի մասն ասում էր՝ դա իրենց գործը չէ, մի մասն էլ՝ որ արդեն կանչել են, մի քանիսն էլ մոտենում էիր, որ բան խնդրեիր, շրջվում, մեջքով էին կանգնում՝ կարծես իրենց թշնամին լինեինք:
Լինում էր նաեւ, որ մի մեքենայով մի քանի հիվանդ էին տեղափոխում:
Պետք է խիստ նկատողություն հայտարարվի եւ ծառայողական քննություն՝ այս դեպքերի մասով:
Իմ աչքով տեսել եմ, այն պահին, երբ հարյուրավոր քաղաքացիներ օգնության կարիք ունեին, շտապօգնություն գլխավոր կայանի մոտ 30-ից ավելի մեքենաներ էին կանգնած, պարեկներն էլ հրաժարվում էին շտանօգնություն կանչել, երբ դիմում ես՝ չեն էլ խոսում հետդ. սա ոչ պրոֆեսիոնալության մասին է խոսում»,-մեզ հետ զրույցում պատմեց Վիկտոր Մնացականյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՔՊ-ԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի հուլիսի 6-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 6 հողամաս, որոնք ձեռք է բերել 2016 թվականին Շիրակի մարզի Աշոցք համայնքում, բոլորը՝ բաժնային սեփականությամբ։
Սարուխանյանն այս տարի որեւէ գույք չի հայտարարգրել, սակայն 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարգրի համաձայն՝ ԱԺ պատգամավորը սույն թվականին ձեռք բերված Գյումրիում գտնվող եւ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող հասարակական նշանակության շինությունը նույն տարում նվիրատվությամբ փոխանցել է կնոջը։
Կարեն Սարուխանյանի՝ 2022 թվականի հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունեցել է անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ Գյումրիում, սակայն այս տարվա հայտարարագրում այս անշարժ գույքերի մասին խոսք չկա։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 11 մլն 554 հազար դրամ։
Եկամուտներից 9 մլն 847 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ մյուս մասը՝ 930 հազար դրամը եւ 2 հազար դոլարը վարկեր են ՀՀ բանկերից։
Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 625 հազար դրամ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկման եւ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ընթացքում ստեղծված լարված իրավիճակի արդյունքում բռնկված վեճի ժամանակ, հարվածեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին եւ բորբոքեց կռիվը։
Հիշեցնենք, նաեւ, որ Կարեն Սարուխանյանն այն պատգամավորն է, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի: