Խոսելով Հայաստանի եւ ՀԱՊԿ բարդ հարաբերությունների մասին՝ վարչապետը հիշեցրել է Բելառուսի նախագահի հայտնի սկանդալային հայտարարությունը.
«ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել եւ ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո ես գնալու եմ Բելառուսի ղեկավարի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատով ինչ-որ բան քննարկելու»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ թույլատրելով շփումները ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի ներսում։
Հավելենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Ըստ Բելառուսի նախագահի խոսնակի՝ Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը:
Հիշեցնենք, որ ոչ շատ հեռու անցյալում՝ 2023 թվականի դեկտեմբերին, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին։ Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգեւատրել է պատվիրակության անդամներին։
2020 թվականին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, առաջին անգամ Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը Մինսկում մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Բացի այս պաշտոնական այցից՝ Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումներ եղել են 2018 թվականին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, 2018 թվականի վերջին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը, 2019 թվականին Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, Բիշքեկում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, Մոսկվայում՝ «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ այսպես շարունակ։
Փաշինյանի նման կոպիտ հայտարարություններին զուգահեռ՝ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երեւան՝ խորհրդակցությունների:
Հստակ պատճառ, թե ինչու Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կտրուկ փորձում է խզել կապերը Բելառուսի ղեկավարության հետ եւս հայտնի չէ։ Ըստ քաղաքագետների՝ դա արվում է հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնին զուգահեռ, քանի որ հարաբերությունները խզվում են նաեւ ՀԱՊԿ-ի հետ, ըստ այդմ՝ հարաբերությունները աստիճանաբար լարվում են նաեւ անդամ այլ երկրների նկատմամբ եւս։ Կարելի է հստակ արձանագրել, որ պատերազմից 4 տարի անց Բելառուսի հայտարարությունները այսօր հիշելն առնվազն պատճառաբանություն է, իսկ հարաբերության խզման արմատներն այլ ուղղություն ունեն։
Հարցական է, թե ինչպես սատացվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմական հանցագործությունը, որն իրականացվել էր ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնությամբ, կարողացավ ներել եւ մեկնեց Թուրքիա՝ Անկարա, նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությանը. իսկ Բելառուսի նախագահին այդպես էլ ներել չկարողացավ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՆՌՆԱԿՆԵՐ, ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հերթական ակցիան էր իրականացնում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Իրավիճակը հսկողության տակ էին պահում ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող ուժային բոլոր կառույցները։
Ուժեղացված հսկողություն էր իրականացվում Ազգային ժողովի բոլոր մուտքերի մոտ, Դեմիրճյան փողոց էին բերվել նաեւ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի պարեկային ծառայության ջոկատները։
Ակցիային զուգահեռ՝ Ազգային ժողովում ընթանում էր 2023 թվականի բյուջեի քննարկումը, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը։
Իրավիճակը լարված էր նաեւ Ազգային ժողովում. պատգամավորների վեճին զուգահեռ հնչեցին պայթյուններ, որոնք լսվեցին անգամ ԱԺ դահլիճում։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՆԳՆ զորքերը կիրառել են լուսաձայնային նռնակներ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայում «Տավումը hանուն hայրենիքի» շարժման մասնակիցների վրա ոստիկանները կիրառել են երկու հատուկ միջոցներ՝ «Զարյա-2» նռնակը եւ «Զարյա-3»՝ հատուկ կոպիտ նռնակը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը թույլ չի տվել ոստիկանությանը քաղաքացիների վրա կիրառել «Զարյա 3» հատուկ նռնակը, մինչդեռ հատուկջոկատայիննըրը այն կիրառել են։ Ուստի հարց է առաջանում ՀՀ առողջապահության նախարարությունից եղե՞լ է թույլտվություն, թե՞ ոչ։
Մինչեւ այս գործողությունները ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակում հորդորում է՝ 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։
Բախումների ընթացքում առեւանգվել էր Սուրեն Պետրոսյանը։ Ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Մինչեւ այս ժամը Սուրեն Պետրոսյանից որեւէ լուր չկա։
Բախումների ընթացքում վնասվել եւ բուժօգնության են դիմել 98 քաղաքացիական անձ եւ ոստիկան։ 66 հոգի, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։
Բուժօգնության դիմած անձինք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ՝ թեթեւ, ծանր, միջին ծանրության։ Քաղաքացիներից մեկի ձեռքը դաստակից ամպուտացվել է։
Բախումների ընթացքում բերման է ենթարկվել 98 քաղաքացի։
Բախումներից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը քայլեց դեպի Կառավարության շենք։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՊԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները», – ասել է Պեսկովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ) ի պատասխան։ Պեսկովը նշել է, որ սրանում հաստատ շահագրգռված է Հայաստանը։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետեւողականորեն պաշտպանում ենք դրանք, եւ այդ գերակայությունները անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են (ՀԱՊԿ) անդամ երկրները», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեցին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, որի հետեւանքով վնասվել են տասնյակ ցուցարարներ, զանգվածային լրատվական միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, ոստիկաններ:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ եւ ոստիկան։
Ներքին գործերի նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ տուժած վիրավորների թիվը 18 է: Բոլորը բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել:
Ընդհանուր անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս են գրվել 85 հոգի:
Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ նույն բախումների ժամանակ, տուժել է ArmLur.am-ի օպերատորը, ում ոտքի վնասվածքով տեղափոխել էին հիվանդանոց. այնուհետեւ համապատասխան ստուգումներ անցնելուց հետո նա դուրս էր գրվել: