2 օր է անցել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանությունից, սակայն այս պահի դրությամբ որեւէ կասկածյալ չկա:
Այս պահի դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Երեկ Սերգեյ Գրիգորյանի հոգեհանգիստն էր, իսկ սպանությունը դեռ բացահայտված չէ։
Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրասված է եղել։ Մասնավորապես նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ, Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Մասնավորապես, գրել էինք, որ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ էին արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարել էին պաշտոնական լիազորությունների չարաշահում ու դատավորը մինչ օրս կանգնած է դատարանի առաջ։ Նրա սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Shamshyan. com-ը հայտնել էր, որ հունիսի 11-ի գիշերը կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հեւտեւանքով սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։ Այս պահին ողջ իրավապահ համակարգը ջանքեր է գործադրում սպանությունը բացահայտելու համար։
Իսկ ինչ սկանդալային պատմության մեջ էր նախկինում հայտնվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։
Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց, որին ավելի ուշ ազատ արձակեցին։
Հետագայում պարզվել էր, որ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», դատարանի դիմաց եղել էր այն պարզ պատճառով, որ իր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին պետք է ներկա լիներ։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, դրա համար էլ ներկա էր գտնվել դատարանի բակում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՆ ԵՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզում Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ սպանվածը Ամբերդի նախկին գյուղապետ Մանվել Բաբայանի եղբայրն է՝ Արծրուն Բաբայանը:
Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում եւ տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում եւ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։
Մինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։
Այսօր ՆԳՆ-ն հայտնեց, որ միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Ներկայացված 3 թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:
ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հունիսի 13-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, եւ կա զոհ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանվածը Մհեր Խաչատրյան է, որը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:
Ըստ նախնական վարկածի՝ տարբեր խնդիրներ են եղել կողմերի միջեւ, ավելին՝ սպանվածն ու սպանողը ծանոթներ են եղել:
Ինչեւէ հետեւենք քննության ընթացքին: