Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ եւ բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին եւ Ոստիկանության ծառայողներին։
Առանաձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես ել ոստիկանության ծառայողները պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։ Մասնավորապես, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Ըստ ներկայացված պնդումների՝ նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ուղեկցվել են ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։ Պաշտպանը նշված հանգամանքը անթույլատրելի եւ դատապարտելի է համարում։
Դրա հետ մեկտեղ խիստ մտահոգիչ են բժշկական օգնություն ստացող ոստիկանության ծառայողների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետեւանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Պաշտպանը եւս մեկ անգամ ընդգծում է, որ ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
Պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաեւ այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների եւ կարգի պահպանմամբ։
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաեւ այն փաստի կապակցությամբ, որ այս իրադարձությունների ընթացքում վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, պահանջել է նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեության անհրաժեշտ երաշխիքների ապահովում։ Առանցքային է վերը նշված գործերով պատշաճ քննության իրականացումը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որեւէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն եւ բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
Միեւնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը եւ զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։
Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են պաշտպանի աշխատակազմում եւ քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Հունիսի 18-21-ը Երեւանում, Աշտարակում եւ Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման եւ ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով:
Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
Այստեղ բացի զեկուցումներից նախատեսված է նաեւ փորձարարական մաս:
Հունիսի 20-ին աշխատանքները կշարունակվեն Մեծամորում տեղակայված Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Համաժողովի մասնակիցների համար ատոմակայանի մասնագետների կողմից կներկայացվեն զեկուցումներ ատոմային եւ միջուկային ֆիզիկայի վերաբերյալ: Մեծամորի ատոմակայանի աշխատանքային ողջ ցիկլը կուղեկցվի էքսկուրսիաներով եւ ցուցադրումներով:
Աշխատանքային օրը կավարտվի ատոմակայանի ղեկավարության հետ հանդիպմամբ:
Գիտաժողովի վերջին օրը՝ հունիսի 21-ին, աշխատանքնեը կիրականացվեն Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում:
Զեկուցումները կվերաբերեն քվանտային ֆիզիկային ու ավագ դպրոցում վերջինիս հիմունքների դասավանդմանը: Համաժողովի մասնակիցները կլինեն ինստիտուտի լաբորատորիաներում, հնարավորության սահմաններում ըստ նախասիրության կծանոթանան փորձարարական տեղակայանքներին: Ինստիտուտի տնօրեն Վ. Քոչարյանը ֆիզիկայի ուսուցիչներին կծանոթացնի ինստիտուտի պատմությանն ու ձեռքբերումներին:
4-օրյա աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:
Մասնակիցների տեղափոխումը Աշտարակ եւ Մեծամոր իրականացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից՝ կենտրոնացված ձեւով: Մասնակիցների սնունդը աշխատանքային բոլոր օրերին կազմակերպվում է տեղում:
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ նրան հարցնելով. «Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո՝ մինչեւ այժմ, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել դրան, նրանցից քանիսը ինչ արդյունքներ են ունեցել։ Այս հարցի պատասխանն ունենալու համար Ձեր ենթակա հանրակրթական դպրոցների տնօրեններից ինչո՞ւ չեք պահանջել ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվերը, դա Ձեզ պետք չէ՞»։ Մարզպետ Ղալումյանը նախկինում այս հարցին պատասախանել էր, թե կամավոր ատեստավորման մասնակիցների ընդհանուր թիվը մարզպետարանում չգիտեն, քանի որ դա կամավոր գործընթաց է։ Հունիսի 10-ին մարզպետարանից ստացված պատասխանում նշված է.«Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտ եւ առկա տեղեկատվության համաձայն՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից կամավոր ատեստավորմանը մասնակցել են 170 ուսուցիչ: Նրանցից 50-ն արձանագրել է 60-70%, 120-ը՝ 70-100% արդյունք»։ Բրավո, ուրեմն, ըստ Տավուշի մարզպետարանի տվյալների՝ , Տավուշի մարզում կամավոր ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 170 ուսուցիչ, բոլորն էլ 60-100 տոկոսանոց արդյունք են ունեցել։ Բարձրագույն կրթություն չունեցող 55 ուսուցչի ազատել են Տավուշի հանրակրթական դպրոցներից, նրանց մի մասը, աշխատանքը չկորցնելու համար, մասնակցել է կամավոր ատեստավորմանը, սակայն դրական արդյունք չի ունեցել։ 170-ը ատեստավորումից դրական արդյունք ցուցաբերած ուսուցիչների թիվն է, իսկ ատեստավորմանը մասնակցածների ընդհանուր թիվը շատ անգամ ավելի է։ Կարծում ենք, որ մարզպետ Հայկ Ղալումյանը լավ գիտի կամավոր ատեստացիային մասնակցած մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների ընդհանուր թիվը, եւ այն ուսուցիչների քանակը, որոնք ատեստացիայից բացասական արդունքներ են ունեցել, քանի որ ատեստացիայի «խուճուճ» թեստերից «կտրված» ուսուցիչների քանակը շատ մեծ է, ատեստացիայի գործընթացը՝ ձախողված, ուստի Հայկ Ղալումյանը միայն ատեստացիայից դրական արդյունքներ ունեցողների թվերն է հայտնել։ Մարզպետը մեզ անհեթեթ պատասխան է ուղարկել։
«ՀԶՈՐ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ դարձած Հայկ Ղալումյանը մայիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս գրառումը. «Մեր պատասխանը՝ Բագրատին: ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Կեցցե՛, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյան»։
Գրվածում «ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը» անհաջող կատակի է նման։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ