Ավիաընկերության աշխատակիցների կողմից գրված բաց նամակում մասնավորապես ասված է. «Ֆլայ Արնա ավիաընկերությունը իր գործունեության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել էր ձեռք բերել ուղեւորների վստահությունը՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ մի շարք ոլորտներում։ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը գործող հայկական ավիաընկերություններից միակն էր, որը հաջողությամբ անցել էր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) եւ ստացել համապատասխան սերտիֆիկատ։ Իր գործունեության ողջ ընթացքում ավիաընկերության OTP` (On time performance) չվերթները, ըստ չվացուցակի իրականացման ցուցանիշի, եղել են 95-98%: Ավիաընկերության աշխատակիցների համար անհայտ պատճառներով որոշում կայացվեց դադարեցնել ավիաընկերության գործունեությունը։
Ս.թ. հունվարի 16-ին ավիաընկերությունն իրականացրեց վերջին չվերթը, իսկ ս.թ. մարտի 19-ին ավիաընկերության աշխատակիցները ծանուցում ստացան այն մասին, որ ավիաընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 115-րդ հոդված 1-ին կետով՝ ավիաընկերությունը տեղեկացրեց աշխատակիցներին, որ ս.թ. մայիսի 19-ին լուծարվելու են «Ֆլայ Արնա»-ի եւ աշխատակիցների միջեւ կնքված պայմանագրերը։ Միեւնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1ին կետը, ընկերությունը պարտավորվեց նաեւ վճարել արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
Չնայած վերոգրյալին՝ ավիաընկերության աշխատակիցներին չի վճարվել ս.թ. ապրիլ եւ մայիս ամիսների աշխատավարձը, ինչպես նաեւ արձակման նպաստը։ Աշխատակիցները բազում անգամ դիմել են ավիաընկերության բաժնետերեր հանդիսացող «Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ) եւ «էյր Արաբիա» ԲԲԸ-ին՝ որպես «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը կառավարող ընկերություն։
Մանրամասները՝ ստորեւ.
Մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները 3 անգամ այցելել են ԱՆԻՖ` հանդիպումներ ունենալով ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանի հետ։ Հանդիպումների ընթացքում խոստացվել էր ապահովել հարցի լուծումը։
Մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները այցելել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հանդիպում ունենցել փոխնախարար Նարեկ Տերյանի հետ, ով խոստացավ նույն օրվա ընթացքում հաղորդել խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ։
Աշխատակիցները նամակներով դիմել են «Ֆլայ Արնա» ավիաընկերության կառավարող ընկերություն «Էյր Արաբիայի» ղեկավար մարմիններին։ Պատասխան նամակներում «Էյր Արաբիա» ավիաընկերության ներկայացուցիչները առաջարկել են դիմել ԱՆԻՖ, քանի որ իրենք այլեւս չունեն իրավասություն՝ հանդես գալու «Ֆլայ Արնա» ավիաընկերության անունից։ Մյուս նամակում «Էյր Արաբիա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ ԱՆԻՖ-ը շարունակաբար լուծում չի գտնում եւ համաձայնություն չի տալիս ընկերության լուծարման առաջարկվող սխեմային։
Ս.թ. հունիսի 03-ին ավիաընկերության աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանին, սակայն նամակը վերաhասցեավորվել է «Պետական գույքի կառավարման կոմիտե»-ին եւ մինչ օրս չկա պատասխան։
Այսպիսով, յուրաքանչյուր կողմը հանդես է գալիս իր պատճառաբանություններով՝ նշելով, որ հարցի լուծումը կախված է մյուս կողմից։ Արդյունքում, ավելի քան 80 աշխատակիցների ընտանիքներ այս պահին գտնվում են ֆինանսական ճգնաժամային իրավիճակում՝ ունենալով բազմաթիվ բանկային պարտավորություններ»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԳՆԱՃԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ՝ ԿԲ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ
Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում:
Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
«2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից», – ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանը դա հիմնականում պայմանավորեց արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:
12-ամսյա բնականոն գնաճը դեռեւս գտնվում է բացասական տիրույթում:
Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ օդային տրանսպորտի եւ միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում:
«Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024-ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում», – ասաց ԿԲ նախագահը:
2023-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՀՆԱ-Ն
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում արտահերթ ելույթում նշել է, որ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է մրցունակ ու բարձր արտադրողականություն ունեցող տնտեսության ձեւավորումը, որը կնպաստի ինքնիշխան ու դիմակայուն պետության շարունակական առաջընթացին: Այս համատեքստում կարեւորվել է մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ եւ բավարար տնտեսական, առողջապահական, կրթական անվտանգային պայմանների ապահովումը:
Ըստ նախարարի` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ` աճելով 7,5 տոկոս: ՀՆԱ-ի աճին նպաստել են տնտեսության մի շարք ճյուղերում գրանցված ավելացված արժեքների աճերը: Տնտեսական աճի միտումը շարունակվել է նաեւ 2024 թվականի առաջին եռամսյակում` կազմելով 9,2 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն` ՀՆԱ-ի աճի ցուցանիշով 2023 թվականին Հայաստանը 191 երկրների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը: Նախարարության ֆինանսական կատարողականը հաշվետու տարում կազմել է 95,9 տոկոս:
ՀՀ-Ն ՄԻԱՑԱՎ ՆԱՍԱ-Ի ԱՐՏԵՄԻՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։
Նախարար Հայրապետյանը, ընդգծելով ՀՀ-ի եւ Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերությունը, նշել է, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջեւ գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:
«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն եւ խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ», – նշել է Մխիթար Հայրապետյանը։