Մեծանուն գրող, անվանի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի առթիվ մի խումբ գրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ հունիսի 13-ին ծաղիկներ խոնարհեցին գրողի հուշակոթողի մոտ, որը տեղադրված է Երեւանում՝ այն տան առաջ, որտեղ 1927 թվականից մինչեւ 1936 թվականը ապրել եւ ստեղծագործել է Ակսել Բակունցը:
Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն ասաց՝ շատ կարեւոր է, երբ այսօրվա գրողը զգում է, թե ինչպես են սիրում Բակունցին: «Արձակի վերաբերյալ իմ սկզբունքները, մոտեցումները փոխվեցին Թումանյանի «Գիքորը», Չարենցի «Երկիր Նաիրի» եւ Բակունցի «Ալպիական մանուշակ» ստեղծագործությունների շնորհիվ: Առանց երկմտելու կարող եմ ասել, որ Բակունցը մեր գրականության, մեր արձակի գրական արժանապատվությունն է խորհրդանշում: Ավաղ, այսօր էլ «գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, իսկ աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»»,-շեշտեց Գասպարյանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանն էլ նշեց, որ առավոտյան սոցիալական հարթակում հրապարակել է Ակսել Բակունցի «Աղոթք»-ը, որը Բակունցը գրել է 1917-1918 թվականներին Արդահանի կռիվներին՝ Սարդարապատի ճակատամարտին մասնակցելուց հետո: «Այդ աղոթքն այսօր էլ թող մեզ պահապան լինի, որովհետեւ ամեն ինչ մաշկի վրա զգացած, ապրած, իր հայրենիքը, հողը զգացող անհատականության, մեծի խոսքը բացառիկ է: Պատահական չէ, որ Բակունցը նաեւ անցել է հոգեւոր դպրոց՝ սովորելով Գեւորգյան ճեմարանում, հետագայում Թիֆլիսում տեխնիկական գիտություններ է ուսումնասիրել, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն է ավարտել, դասավանդել է դպրոցում: Նա բոլոր առումներով կյանքը շոշափել է, իսկ նրա պոետական ոգին բացառիկ էր: Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը, «Խոնարհ աղջիկ»-ը, «Ծիրանի փողը», «Մթնաձոր»-ը դիպել են բոլորիս հոգուն եւ մշտապես լինելու են մեր գրականության գանձարանի գոհարները», – շեշտեց Գալստյանը:
Նա կարծում է՝ գրողի 125-ամյակը առիթ է բացելու ու վերընթերցելու նրա ստեղծագործությունները: «Բակունցի գործերը բեմադրվում են, նկարահանվում են, վերարծարծվում է գրական տեքստը, բայց վերընթերցումն ու խոսքը շատ կարեւոր են մեր օրերում: Լիահույս եմ, որ մեր ներսում Բակունցը պետք է խոսի իր աղոթքով ու չքնաղ գրականությամբ», – եզրափակեց Գալստյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն Ակսել Բակունցին համարում է 20-րդ դարի հարուստ գրական ժառանգության թողած գրող, հզոր հեղինակ: Ըստ Մկրտչյանի, եթե Բակունց երեւույթը չլիներ, նրանից հետո չէին լինի բազմաթիվ հրաշալի գրողներ: «Մենք շատ ենք խոսում Ֆոլքների մասին, բայց այդ նույն աշխարհի խորքերը Գորիսում բացեց Բակունցը: Նրա «Պրովինցիայի մայրամուտ»-ը հիշենք: Բակունցն իր մտածողությամբ ներկա է այսօրվա գրականության մեջ: Նա մեր թանկն է, մեր մեծն է, որին պետք է ըստ արժանվույն գնահատենք», – շեշտեց գրողը:
Նրա խոսքով՝ Բակունցը 1937 թվականին գնդակահարվեց, սակայն նման թվականներ անընդհատ լինում են, եւ ժողովուրդը պետք է փրկի իր զավակներին:
Ակսել Բակունցի 125-ամյակը կնշանավորվի բազմաթիվ այլ միջոցառումներով. մեկնարկը տրվեց հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում:
Հոբելյանական օրվա շրջանակում կայացավ հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ:
Միջոցառման շրջանակում տեղի կունենան Arloopa հավելվածով Ասլամազյանի «Բակունցի եւ մոր դիմանկարի» անիմացիայի եւ «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Թատերական ներկայացումներով հանդես կգան Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի կունենա համերգային ծրագիր: Միջոցառումները կուղեկցվեն հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իրականացրել է «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին: Համերգի ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտորի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործությունները:
Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարներ Լուսինե Վարդանյանը, Էռա Հովսեփյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Սոֆյա Սայադյանը, Լուսինե Օրդուխանյանը, Արամ Ավետիսյանը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը:
Ծրագրում ներառված էին կոմպոզիտորի «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Կարոտ», «Փարիզյան տանգո», «Ինձ համար դու շող գարուն», «Երկու կռունկ», «Քո աչքերի խավարում», «Արեւոտ անձրեւ», «Քեզ հետ, իմ սեր», «Անանձնություն», «Ես մուկիկն եմ պույ-պույ»,«Երգն էլ ունի հոգի»,«Ինչ որ մի լույս ցոլցլաց», «Հայի աչքեր», «Ես վախենում եմ սեր բառը ասել», «Տղամարդիք», «Երեւան» (դուետ), «Գնաս բարով», «Իմ կարոտ եւ երկիր իմ» ստեղծագործությունները:
Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված «Տարիների մեղեդիներ» խորագրով երկրորդ համերգը տեղի ունեցավ հունիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարեւորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում։
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ձեւավորված բարեկամական ամուր կապերն ու համոզմունք հայտնել՝ սպորտի ոլորտում համագործակցության խորացումն անպայմանորեն նպաստելու է միջպետական կապերի ամրապնդմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանում մայիսի 24-26-ն անցկացված ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համաժողովին ակտիվ մասնակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկուստեք անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող այլ հարցեր:
17-ԱՄՅԱ ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ Մ-20 ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
17-ամյա Էմին Օհանյանը նվաճեց շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալը։ Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց ֆիլիպիցնի Դանիել Քուիզոնին եւ 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր։ Նույնքան միավոր վաստակեց չեմպիոնի կոչումը նվաճած ղազախ Նոգերբեկ Կազիբեկը։ Նա վերջին տուրում հաղթեց Մամիկոն Ղարիբյանին, որը 8 միավորով գրավեց չորրորդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը նվաճել էր մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոնի կոչումը։
Վերջին տուրում Մարիամ Մկրտչյանը պարտության էր մատնել հնդիկ Ռավի Ռակշիտային եւ վաստակել 9,5 միավոր։ Չեմպիոնի կոչումը նվաճել է հնդիկ Դիվյա Դեշմուխը, որը 11 հնարավորից վաստակել է 10 միավոր։
Մարիամ Մկրտչյանը ոչ մի պարտություն չկրեց այս առաջնությունում՝ 8 հաղթանակ, 3 ոչ ոքի։