ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Իրավապահ համակարգը գործընթաց է սկսել, վաղ առավոտից խուզարկություններ են. կլինեն կալանավորումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024 թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։

Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

Դրանցով արդյունավետ և համակողմանի նախաքննություն իրականացնելու նպատակով նշված վարույթները միացվել են, ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակներում զննության են ենթարկվել նշված ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են այլ քննչական և վարութային գործողություններ, ՀՀ Վայոց ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է 11 անձ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։

 




Լրահոս