Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել էր արտակարգ իրավիճակ։ Այնտեղ մի շարք համայնքներ հայտարարվել էին աղետի գոտիներ:
Վերը նշվածից տուժել էին տեղի շատ բնակիչներ, ինչից հետո կառավարության որոշմամբ հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ պետք է հատկացվեր։
ArmLur.am-ը կապ է հաստատել ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանին հետ՝ պարզելու՝ տրամադրվե՞լ են տուժողներին համապատասխան փոխհատուցումները։
Մեզ հետ զրույցում մարզպետ Ղազարյանն ասաց, որ համարյա պատրաստ է առաջին փուլի փոխհատուցման փաթեթը։
«Երևի լսել եք, որ վարչապետի մոտ խորհրդակցություն էր, քննարկվում էր այդ փոխհատուցումների հետ կապված հարցերը, մեծ առումով համարյա արդեն իսկ պատրաստ է այդ փոխհատուցման առաջին փուլի փաթեթը։ Ամենայն հավանականությամբ օրերի ընթացքում այդ որոշումը կլինի։ Գլոբալ առումով համարյա թե ամեն բան ավարտական փուլում է գտնվում, փոքր դետալներ է մնացել, որ հենց առաջին փուլի փոխհատուցումը մարդկանց տների վերանորոգման, առաջին պարագաների, տան մեջի պարագաների հետ կապված, այդ առաջին փուլը շատ արագ կլինի, մնացածը քննարկման փուլում է»,-մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ աղետի գոտիներում եղել էր անհրաժեշտություն կամավորների, այդ իսկ պատճառով էլ շատերը կամավոր կերպով աշխատում էին աղետի գոտիներում։
Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք կամավորները շարունակում են մնալ աղոտի գոտիներում, ինչին ի պատասխան մարզպետն ասաց.
«Կամավորները պարբերաբար, հիմնականում մեծ մասը հետ են վերադարձել՝ հաշվի առնելով, որ այն, ինչը առաջին անհրաժեշտության արագ պետք է արվեր, կամավորները իրենց աշխատանքը կատարել են, բայց ներկա պահին էլ ունենք կամավորներ, որ ուրիշ աշխատանքներ են կատարում, ուղղակի մի քիչ ավելի փոքր ծավալի»։
Աննա Սրապիոնյան