«Նպատակը փողոցում ծավալված շարժման թուլացումն է». Քրիստինե Վարդանյանը՝ ՀՅԴ անդամների ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ անդամների տներում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՅԴ մարզային անդամներից 10 հոգու ձերբակալել են, այդ թվում՝ կանանց։

ArmLur.am-ը կապ է հաստատել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ է կատարվում, ինչի՞ համար են այս խուզարկություններն ու ձերբակալությունները։

Մեզ հտ զրույցում Վարդանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ վաղուց արշավ է Հայաստանում ամեն ազգայինի դեմ, ազգային ինստիտուտների դեմ, իսկ Դաշնակցությունն իր բոլոր ռեսուրսներով միշտ եղել է այս իշխանությունների դեմ ծավալվող պայքարի կամ կիզակետում կամ կազմակերպիչների առաջնագծում, շարքում և այս նոր պայքարի ալիքն էլ բացառություն չէ և նաև դրանով է պայմանավորված, որ ովքեր ներդրում ունեն այս պայքարում, ովքեր իրենց ամբողջ ներուժը տրամադրում են, որպեսզի այն հաջողի՝ հայտնվում են իշխանության բռնաճնշումների թիրախում։

«Դրանով է պայմանավորված, որովհետև կրկնում եմ, այո 10 անդամներ ձերբակալված են, կուսակցության մարզային գրասենյակներում են խուզարկություններ արվել, ավելի վաղ կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա է ներխուժման փորձ եղել, հարձակում կուսակցության ղեկավար մարմնի նախագահի նկատմամբ և հիմա էլ թիրախում կուսակցության ղեկավար մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին։

Այսինքն՝ ոչ թե անհատների մասին ենք խոսում, այլ ղեկավար կազմի մասին՝ իր ցանցում Հայաստանում գործող»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Փորձեցինք նաև պարզել՝ ովքե՞ր են ձերբակալվածները, սակայն Վարդանյանն ասաց, որ առայժմ անուններ ասել չի կարող, բայց կրկնեց, որ ձերբակալվածների շարքերում են նաև կանայք:

Քրիստինե Վարդանյանը նաև հավելեց, որ համոզված է՝ նպատակադրումը փողոցում ծավալվող շարժման թուլացումն է։

«Համոզված եմ, որ նպատակադրումը փողոցում ծավալած շարժման թուլացումն է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, մենք տեսնում ենք, որ արշավ կա բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կա՛մ ներգրավված են, կա՛մ աջակցում շարժմանը, իրենց ներդրումն են ունենում, հետեւապես այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Վարդանյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս