Բաղրամյան պողոտայից ձերբակալված 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանի խոսքով, Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին, ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման հետևանքով ականջը վնասած Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել:
«Գործին կցված տեսանյութում երևում է, որ այդ մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակը՝ վնասելով նրա ականջը: Նա մի քանի այլ անցնում է, մի փայտի կտոր վերցնում ու մի թեթև առաջ նետում, այնքան թեթև, որ վստահաբար ոստիկաննեին չի էլ հասնում: Ու դրա անունը դնում են խուլիգանություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ պատմելով, որ Տիգրան Սարիբեկյանի ցուցմունքի համաձայն, նախքան այդ կարմիրբերետավորները նրա նկատմամբ ուժ են կիրառել, գցել գետնին և հարվածել:
«Որեշեցին ոչ թե կալանքի միջնորդություն, այլ տնային կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան, այդ պահին նրան ազատ արձակեցին»,-հավելեց փաստաբանը:
Անդրադառնալով առավոտյան հրապարակած գրառմանը, թե 11 անձ է ձերբակալվել, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ շփոթմունք է տեղի ունեցել, 11 ահազանգ են ստացել, որոնք վերաբերում էին 3 անձի: