Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսին։
ԱԽ քարտուղարը մինչ պաշտոնը ստանձնելը հեղափոխության վառ դեմքերից է եղել, մասնավորապես 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա Հեղափոխությանը, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, բազմիցս վարել հանրահավաքներ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առևանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։
2018 թվականից հետո դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ մայիս ամսին, Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտոնից ազատվել է 2021 թվականի հուլիսի 14-ին, և նշանակվել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, զուգահեռաբար արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ Արմեն Գրիգորյանը նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, և երկրորդ անգամ նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար։
Այսպիսով, ներկայացնենք ԱԽ քարտուղարի կուտակած եկամուտը՝ ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի։
2020 թվականին Արմեն Գրիգորյանը բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։
ԱԽ քարտուղարը նախորդ տարեսհզբին հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա։
Նշված մեքենան հայտարարատու տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով և ձեռք է բերել 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որի արժեքը կազմել է 11 մլն 500 հազար դրամ։
Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 978 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը աշխատանքի վարձատրություն էր ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 4 մլն 500 հազարը վարկ է Ամերիաբանկից։
ԱԽ քարտուղարը եկամուտ է ստացել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից 5 մլն 456 հազար դրամ, որ ինչպես հասկանում ենք հայտարարագրից եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ։
Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում՝ որպես հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի համակարգող։
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Մինասյանը եղել է Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականը։ Հենց այս պատճառով Մինասյանի տարեկան եկամուտների աղբյուրը 2 աշխատատեղերն են։ Նա «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությունից 2023 թվականի ընթացքում ստացել է 4,5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ Հաշվեքննիչ պալատից՝ 348 հազար դրամ։
Ստացվում է, որ մերձիշխանականների ընտանիքի անդամները իրենց պաշտոնի հետ մեկտեղ ստանում են նաև յուղալի առաջարկներ և, օրինակ այս դեպքում, ամուսնու գործոնը ստանձնում է դերակատարում կնոջ կարիերայում։
Էմմա Միքայելյան