ՀԱՐՑ. Ես տարածք ունեմ, այն առանց վարձավճարի ուզում եմ տալ իմ ընկերոջն առեւտրով զբաղվելու համար, այդ դեպքում ես պետությանն ի՞նչ գումար պետք է վճարեմ: Նաեւ հետաքրքիր է իմանալ, եթե տարածքը որոշակի գումարով վարձակալությամբ եմ տալիս, ապա այդ դեպքում ի՞նչ գումար պետք է վճարեմ: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված հարցերը կարգավորվում են «Եկամտահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներով: Մասնավորապես «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի`
• 6-րդ հոդվածի «ժգ» կետի համաձայն` եկամուտ է համարվում վարձակալության դիմաց ստացվող վճարը եւ այլ հատուցումը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը,
• 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու օրենքով սահմանված նվազեցումները,
• 31-րդ հոդվածի 1-ին, 5-րդ եւ 8-րդ կետերի համաձայն` հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել ՀՀ կառավարության սահմանած ձեւով իրենց տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ:
Հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում օրենքին եւ ՀՀ օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հաշվարկ ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են ՀՀ հարկային գործակալ չհանդիսացողներից.
• 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչեւ տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` անհնար է պատկերացնել, թե տվյալ տարածքն ամիսը քանի հազար դրամի դիմաց է վարձակալության տրվել: Կողմերը հենց այդպես էլ վարվում են` փաստաթղթերում նշելով ավելի փոքր գին, որպեսզի պետությանը վճարվելիք գումարն ավելի համեստ թվով արտահայտվի: