ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների կալանավորումների շարքը կշարունակվի․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներից այս պահի դրությամբ կա կալանավորված 10 անձ:

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:
Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:

Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:

Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։




Լրահոս