ՀԱՐՑ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում կա՞ ֆիքսված ժամանակահատված, թե քանի րոպեում պետք է մարտական ջոկատը տեղ հասնի: Եւ եթե ուշանում են, ի՞նչ պատիժ կամ տույժ է հասնում աշխատակցին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում մարտական ջոկատը պետք է դեպքի վայր հասնի ամենաուշը 15-20 րոպեների ընթացքում: Եթե դեպքը Երեւանից դուրս է` մարզում, ապա պետք է նկատի ունենալ, որ գնալն էլ ժամանակատար է, մանավանդ, որ ճանապարհները հիմա սառցակալած են: Նման դեպքերում, երբ լինում են բողոքներ ու ահազանգեր, որ մարտական ջոկատը դեպքի վայր ուշ է հասել, ապա այդ կապակցությամբ նշանակվում է ծառայողական քննություն, որի ընթացքում մեղավորները, ում պատճառով նման դեպքեր են տեղի ունեցել, պատժվում են: Եթե նման դեպքեր, ուշացումներ կպատահեն, եւ դրանք հիմնավորված կլինեն, ապա քաղաքացիները կարող են ահազանգել արտակարգ իրավիճակների նախարարություն: Փաստի առթիվ կնշանակվի ծառայողական քննություն, կուսումնասիրվի եւ կպարզվի, որ եթե այդ մարդիկ թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, ապա նախարարի կողմից պատասխանատվության կենթարկվեն: Ջոկատի ուշանալու նման դեպք եղել է, եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:
հասարակայնության հետ կապերի եւ
լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 15-20 րոպեն էլ նման իրավիճակի համար երկար է: Մեծ աղմուկ եւ իրարանցում առաջացնելով` ԱԻՆ մեքենաները գրեթե ողջ օրը սլանում են մայրաքաղաքի փողոցներով, բայց, ինչպես պարզվում է, մինչեւ 20 րոպե տեղ հասնելու ժամանակ ունեն: Փաստորեն, պատահում է նաեւ այնպես, որ նշված ժամկետն էլ է գերազանցվում, եւ ուշացած ջոկատների անդամներին ղեկավարությունը ստիպված է լինում պատասխանատվության ենթարկել: Ի դեպ, լավ կլիներ, որ մեզանում էլ սկսեին կիրառել եվրոպական այն պրակտիկան, երբ շտապօգնության կամ ԱԻՆ մեքենաների ազդանշանները լսելուն պես բոլոր մեքենաները մի կողմ են քաշվում եւ շտապ ճանապարհ բացում: