Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել արձակել ռազմական կաբինետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը:
Նեթանյահուն այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության կաբինետի նիստի ժամանակ։
Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն նիստի ժամանակ ասել է, որ ռազմական կաբինետը ձևավորվել էր նախարար Բենի Գանցի խնդրանքով, իսկ նրա հեռանալուց հետո դրա կարիքն այլևս չկա։
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մարմնի արձակումն անսպասելի չէր, քանի որ անցյալ շաբաթ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը կաբինետը լքելու իր որոշման մասին հայտարարեց վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Ռազմական նոր կաբինետ չի լինի։ Ակնկալվում է, որ այժմ Նեթանյահուն Գազայի հատվածում գործողության վերաբերյալ որոշումներ կկայացնի Իսրայելի ազգային անվտանգությունը ղեկավարող նախարար Իթամար Բեն Գվիրի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Այդ որոշումներին այնուհետև պետք է հավանություն տա Իսրայելի անվտանգության կաբինետի ավելի լայն կազմը:
Նեթանյահուն Իսրայելի ռազմական կաբինետն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո։ Այս կաբինետում ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենից աչքի ընկնողը հենց Գանցն էր։
2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։