Ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի սպանության գործը դեռևս նախաքննության փուլում է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Մերի Սարգսյանը: Վերջինիս փոխանցմամբ ` հ արուցվել է քրեկան գործ 365 հոդվածի 3-րդ մասով:
«Դեռևս հստակեցված չէ ` ինչ խախտումներ են արվել, ինչ խախտումներ չեն արվել: Գործով ձերբակալվածներ չկան: Ինչ վերաբերում է Վարազդատ Զաքարյանին, ապա գիտենք միայն, որ նրա վիճակը կայուն բավարար է»,- հայտնեց Սարգսյանը ` հավելելով, որ քրեական գործը հարուցվել է այն վարկածի հիման վրա, որ զինվորները շփոթել են իրար թշնամու հետ, սակայն դեռևս հստակ ոչինչ ասել չեն կարող:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ԼՂ-ում հնչել են կրակոցներ, ինչից ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը ՝ վիրավորվել։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։
Armlur.am-ի հետ զրույցում զինծառայողի հայրը ` Արտուշ Ղուկասյանը հայտնեց, որ օրերս իրենք այցելել են զորամաս, որտեղ իրեն հայտնի է դարձել, որ սպանության օրը հերթափոխը ճիշտ չի կատարվել: Ղուկասյանի փոխանցմամբ ` իրեն ոչ ոք հստակ ոչինչ չի ասել ` զինվորներն ասել են, որ իրենց տեղակ չեն պահել, իսկ սպայական անձնակազմն էլ իր հերթին հերքել է ` ասելով, թե տեղյակ է պահել:
«Գնացել և այնտեղ ամեն բան նկարել եմ ` թե խրամատը, թե դիրքերը: Վաշտի հրամանատարն ասում ա ` տեղյակ ենք պահել, զինվորներն էլ ասում են, թե իրանց ոչ մի բանի մասին տեղյակ չեն պահել: Հրամանատարն ասում ա ` գնացել ենք 5 անց կես հաց ենք կերել իրար հետ, կոֆե ենք խմել: Ես հիմա երկու տաբերակ ունեմ ` կամ տեսել են կարսերի վրա աշխատողներ կան, ասել են ` մենք գնանք, կամ էլ ` քնից նոր վեր են կացել, էկել պոստի են կանգնել»,- գնահատեց Ղուկասյանը:
Վերջինիս համոզմամբ ` դեպքի միակ մեղավորներն սպաներն են, քանի որ, Ղուկասյանի խոսքերով, իր որդու մահվան պատճառը սպաների անփույթ աշխատանքն է եղել:
«Չեմ հասկանում ` սպաներն ինչու՞ են էս պահին ազատության մեջ: Զինվորներն իրանց հրահանգներն են անում: Սպան ի՞նչ իրավունք ունի գնա քնի: Բա զինվորն էտ սպայից ի՞նչ պիտի սովորի: Ավելի լավ ա ` իմանամ, որ տղես թշնամու գնդակից ա մահացել, քան թե իմանամ, որ առաջադրանք կատարելիս ա դեպքը տեղի ունեցել»,- ասաց Ղուկասյանը ` նշելով նաև, որ եթե գործը մինչև վերջ չբացահայտվի, իրենք անպայման կդիմեն նախագահին ու կգնան մինչև վերջ:
Ինչպես հայտնեց զինծառայողի հայրը, զորամասում խրամատները 3 մետր բարձրության վրա են եղել, և ինքը չի հասկանում, թե ինչպե՞ս պետք է զինվորները կարողանան տեսնել թշնամուն: Ղուկասյանը համոզվածէ, որ թշնամու համար շատ հեշտ կլինի գալ և առևանգել զինվորներին:
Տաթև Հարությունյան