Ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, իսկ այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը։
Կարևորելով ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար անձամբ է այցեր իրականացնում և ծանոթանում առկա խնդիրներին, որոնք բազմաթիվ են։
«Պետք է արձանագրեմ, որ տարբեր պատճառներով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, և այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության։ Առկա են թարգմանությունների ապահովման հետ կապված խնդիրներ, կացարանային ոչ բավարար պայմաններ և այլն»,- ընդգծել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն այս համատեքստում անդրադարձել է կացարանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։
Քննարկման շրջանակներում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կարևոր է համապատասխան փորձագիտական աջակցությունը ծրագրերի նախագծման հարցում։ Առանցքային է նաև քննարկումների գործընթացում բռնի տեղահանված անձանց ներգրավումն ու նրանց լսելիությունն ապահովելը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում փախստականների պաշտպանությանը վերաբերելի օրենսդրական դաշտն ու քաղաքականությունը, ոլորտում առկա մարտահրավերները, փախստականների ինտեգրման հետ կապված խնդիրները և խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև։
Պանելային քննարկումը, որին մասնակցել են Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, գրասենյակի Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, պետական իրավասու մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։