Ո՞վ կգլխավորի Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին. Բրյուսելում այս հարցն են քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞վ կգլխավորի Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին. Բրյուսելում այս հարցն են քննարկում ԵՄ երկրների ղեկավարները:

Հունիսի 17-ին Բրյուսելում սկսվել են բանակցությունները, թե ովքեր են ղեկավարելու Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին։ Հանդիպման մասնակիցները պետք է որոշեն Եվրահանձնաժողովի ղեկավարի, Եվրոպական խորհրդի նախագահի և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատարի ընտրության հետ կապված հարցերը։

ԵՄ երկրների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի առնել որոշակի իրողություններ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը, գրում է Euronews-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի ակնհայտ ֆավորիտը նրա գործող նախագահ գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լայենն է։ Սակայն որպես իրական հավակնորդներ են ճանաչվել նաև իտալացի Մարիո Դրագին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Ըստ լրատվականի՝ Եվրոպական խորհրդում բոլոր նշանները ցույց են տալիս, որ այն կգլխավորի սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչը։ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան և Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը։

Ինչ վերաբերում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնին, ապա այստեղ հավանական թեկնածուներն են Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր դե Կրոն:

Առայժմ ֆավորիտ է համարվում Կալլասը, որը կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ:




Լրահոս