Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։

Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։

Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս