Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:
Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչեւ աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները եւս արձակուրդի կմեկնեն:
Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին:
Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երեւանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:
Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:
Այսինքն՝ հունիսի 25-ին ավագանին վերջին նիստը կանի եւ «կարձակվի»՝ մինչեւ սեպտեմբեր:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով. 1) 24 ամիս ժամկետով. 2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով. 3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով. 4) 1 ամիս ժամկետով եւ 10 մլն դրամ պետբյուջե վճարելով. 5) զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ եւ վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչային համալրման ծառայությունում առկա տվյալներով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո՝ սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ, օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 մլն ՀՀ դրամ է վճարել 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած 22 քաղաքացի։ Նման կարգավիճակ ունեցող եւս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»։
21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը
Արտակ Պողոսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել 2023 թվականի փետրվարին։ Նախկինում նա զբաղեցնում էր Երեւանի ոստիկանապետի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին. իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։ Այժմ Արտակ Պողոսյանին վստահվել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մորը պատկանող 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի գործը։ Այսպիսով՝ նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց, նոր բնակարան է ձեռք բերել Երեւան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում, 38 մլն 459 հազար դրամ արժողությամբ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է գրեթե նույնքան, հենց այստեղից էլ հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով։ Պողոսյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus մակնիշի։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար եվրո եւ 580 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո։ Արտակ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 57 մլն 755 հազար դրամ, որից 21 մլն 275 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։ Պողոսյանը, եկամտահարկի վերադարձի օրենքի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 906 հազար դրամ, որը հիփոթեքի մայր գումարը մարելու համար է, իսկ եկամտի 34 մլն 573 հազար դրամը վարկ է «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Հաշվետու տարվա ընթացքում Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 480 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսերը կազմել են 11 մլն 550 հազար դրամ։ Հավելենք, որ Պողոսյանի կինը՝ Նաիրա Դարբինյանը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես փորձագետ, որի համար հաշվետու տարում ստացել է 3 մլն 671 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նրա կինը վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է 2022 թվականից սկսած։ Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանությունների օրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» թեզը խոշոր եւ պիրկ արմատներ է գցում պետության հիմքում։ Պաշտոնյաներն իրենց կանանց տեղավորում են պետական համակարգում աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ներքին կարգով քննարկվել է ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության շուրջ առաջացած աղմկահարույց քրեական գործը կարճելու հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որպես այդ գործողության հիմք մտածել են գրել, որ պետությանը հասցված վնասը վերականգնվել է, էլ շարունակության կարիք չկա: Ինչպես բոլոր ՔՊ-ականների գործերը, այս դեպքն էլ ծածկադմփոց կարվի։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել էր, թե պետք է հարցաքննեն ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, սակայն մինչ օրս նրան այդպես էլ չեն հարցաքննել։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել էին քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել էր: Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով՝ պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ 2023 թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով՝ 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշենք՝ ըստ «Հետք»-ի՝ «Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն: Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է». բայց ՀԿԿ-ում քննարկում են այս գործը կարճելու հարցը: