«Հայաստանի կառավարությունը սառեցրել է արցախցիների բոլոր միջոցները»․ ինչու տեղահանված արցախցիների թոշակները չեն բաժանվել․ Սեյրան Հայրապետյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ բռնի տեղահանված արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա զինվորական և քաղաքացիական թոշակները չեն բաժանվել:

Այս առիթով ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Սեյրան Հայրապետյանին:

-Պարո՛ն Հայրապետյան, ձեր գրառման հետքերով՝ կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ինչի՞ մասին է խոսքը, և որտեղի՞ց նման ահազանգ ունեք, որ արցախցիների թոշակները չեն բաժանվել.

-Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ սեպտեմբեր ամսվա թոշակները համապատասխան կարգով դուրս են գրվել, որից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այդ գումարները համապատասխան շրջաններ հասցնել հետը կապված խնդիրեր կային, ում կարողացել, այդ գումարը տվել են՝ քարտային փոխանցումով, իսկ այն գումարները, որոնք առձեռն պետք է վերցնեին ՝ փոստատարի միջոցով, նրանք չեն ստացել:

Այս հարցով մենք փորձել ենք Արցախի կառավարության հետ ճշտումներ ենք արել, ցուցակ ճշտել, ամեն անգամ վստահեցրել են, որ ընթացքի մեջ է, այսինքն՝ գումարը չի կորել, գտնվում է համապատասխան բալանսում, այն ինչ չի տրվել, վերադարձվելու է: Վերջին անգամ, որ ճշտել ենք, Արցախի կառավարությունից մեզ ասել են, որ Հայաստանի կառավարությունը սառեցրել է բոլոր միջոցները և չեն կարող գումարը հատկացնել քաղաքացիներին:

Արցախի կառավարությունը ներկայացրել է, որ քաղաքացիների ցուցակները լրիվությամբ կան, ներկայացվել են ՀՀ համապատասխան նախարարություններ, բայց քանի որ գումարները սառեցված են, նրանք չեն ստանում:

-Իսկ ի՞նչ են պատճառաբանել՝ ինչու՞ է թոշակները սառեցվել:

-Մի կողմը պատճառաբանում է, որ սեպտեմբերի թոշակները հատկացրել են, մյուս կողմն էլ պատճառաբանում է՝ քանի որ տեխնիկական պատճառներով գումարը չեն կարողացել փոխանցել, դրանք մնում են բալանսում, այսինքն՝ սառեցված են:Մենք սպասելու ենք ՀՀ համապատասխան մարմինների արձագանքին, եթե տվյալ հարցը լուծում չստանա, մենք հաղորդում ենք տալու հանցագործության մասին:

-Կխնդրեմ նաև նշեք՝ թե քանի՞ քաղաքացի չի ստացել թոշակները, ընդհանուր որքա՞ն գումարի մասին է խոսքը:

-Հստակ գիտենք, որ որոշ մարդիկ չեն ստացել՝ կարող է տասնյակ, կարող է հարյուրավոր, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Գումարն ընդհանուր չեմ կարող ասել, բայց եթե խոսքը քաղաքացիական թոշակի մասին է, ապա մեկ անձին ՝ 35-մինչև 78 հազար դրամ է հասնում, իսկ զինվորական թոշակները տարբեր են: Ակնկալիք է եղել, որ մարդկանց ցուցակները վերցրել են, որ հարցին վերջնական լուծում տրվի, բայց ոչինչ էլ չի արվել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս