Հայտնի է՝ երբ պատրաստ կլինի Հարավային Կովկասը Ռուսաստանի հետ կապող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը «ակտիվ ընթացքի մեջ է և կավարտվի մինչև հաջորդ տարվա վերջ»: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչությունը։

Գերատեսչության տվյալով՝ ճանապարհի այդ նոր հատվածով կլուծվի ձնահյուսերի և սելավների պատճառով Հայաստանից և Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհային երթևեկության հաճախակի դադարեցման խնդիրը։

Այդ նպատակով Քվեշեթի-Կոբի ճանապարհին 5 թունել է կառուցվում, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց եզակի թունելը: Բացի այդ, կառուցվում է 5 կամուրջ։

Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Վարկային պորտֆելի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ դոլար։

Եվրախորհրդարանի որոշ անդամներ Եվրահանձնաժողովից պահանջել էին դադարեցնել Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի միջոցով՝ որպես պատժամիջոց Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ Սակայն, ըստ «Կոմերսանտ»-ի, այս փուլում նման պատժամիջոց չի դիտարկվում, քանի որ Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ավտոճանապարհը մեծ նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, հարևան Հայաստանի համար, քանի որ այդ մայրուղին Հայաստանը ՌԴ-ի հետ միակ ցամաքային հաղորդակցությունն է։




Լրահոս