ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա երիտասարդը 20 հազարանոց հուշադրամներ է իրացրել․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին՝ կեսգիշերին մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20 հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել: Հետո պարզվել է, որ 20 հազարանոցները կեղծ են` հուշանվեր:

Պարեկները տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր:

Նախ ճշտվում է մեքենան, որով խարդախը մոտեցել էր շինանյութի խանութին: Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվում է, որ «Օպել Աստրա» մակնիշի մեքենան շահագործում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Հետագա միջոցառումներով պարզվում է, որ մինչ Բջնի մեկնելը, երեկոյան ժամը 9-ից հետո, երիտասարդը մեկական 20 հազարանոց հուշադրամ էլ իրացրել է Չարենցավան քաղաքի երկու բենզալցակայանում:

Նույն օրը Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ:

Հունիսի 13-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Քաղսիի 22-ամյա բնակչի տանն ու նրա վարած մեքենայում: Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է շաղափ, ավտոտնակից` այլ ապրանք, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ դրանք հուշանվեր թղթադրամներով ձեռք է բերել Բջնիի շինանյութի խանութից:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս