Խնձորի այգին կոչնչացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքի յոթանասունամյա բնակիչ Պետրոսը իր շենքի մերձակայքում գտնվող հողամասի խնձորի ծառերը իր ձեռքերով հատ-հատ մշակել ու պտղատու այգի է դարձրել: 90-ականներին տեղական իշխանությունները բնակիչներին ներքին կարգով թույլ տվեցին մշակել հողերը` իրենց գոյությունը պահելու համար. նրանցից մեկն էլ Պետրոսն էր:

Սակայն 20 տարի անց Պետրոսի համառության կամքով բերրիության հասցրած հողը խլում են ձեռքից և արմատախիլ են անում պտղատու ծառերը: Քաղաքապետարանը որոշել է հողը տալ ուրիշին:

Պետրոսի խոսքերով՝ հարևանն ասաց, որ այն հատկացրել են նրան` դեպի գլխավոր փողոց ճանապարհ բացելու նպատակով, քանի որ եղած ճանապարհը երկար է:

Եվ հենց այստեղ մեկ օրվա մեջ խախտվեց ոչ միայն Պետրոսի անդորրը, այլև ոչնչացվեցին կանաչ տարածքներ: Պետրոսը դիմել է քաղաքապետարան, իրեն 3մ տարածք զիջելու համար, որպեսզի խնձորենիները չոչնչացվեն: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը միջնորդել էր. հանձնարարել էր քաղաքի ճարտարապետին, որ խնդրով զբաղվի: Պետրոսը սկսեց ճարտարապետի հետ գործ ունենալ: Մի քանի անգամ գնաց եկավ. ճարտարապետ Մ.Կոստանյանն էլ խոստացավ, որ 9մ ճանապարհի փոխարեն հարևանին 6մ հողատարածք կտրամադրեն:

Բայց մի օր էլ հարևանը բերեց տրակտորը և հողին հավասարեցվեց պտղատու ծառերն ու այգին:

Մի կողմ թողնելով պատմության իրավական կողմերը՝ անդրադառնանք նրան, որ ոչնչացվեցին քաղաքի համար կարևոր կանաչ տարածքներ, ավելին` պտղատու այգիներ: Երևույթն էկոլոգիայի տեսանկյունից արդարացման հիմքեր չունի, իսկ իրավական տեսանկյունից հարկ է նշել, որ կա խոցելի ասպեկտ, այն է, երբ քաղաքացին հողն օգտագործում է տաս տարուց ավել, հողի սեփականության նկատմամբ հավելյալ իրավունք է ձեռք բերում:

Պետրոսը բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ հողի սեփականացման իրավունք ձեռք բերելու համար, սակայն հիմա է հասկանում` ինչու էին համառորեն իրեն մերժում, միայն այդպես էլ չի կարողանում հասկանալ որպես քաղաքացի իր և հարևանի տարբերությունը: Սրտի կսկիծով համակերպվել է՝ այլևս այգի չի իջնի, այս տարի բերքահավաք չի անի, շուրջ 1 տոննա խնձորով էլ տարվա բերքը պակաս կլինի:

Արևիկ Հակոբյան, Հրազդան




Լրահոս