Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմիտրիուին։
Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի կողմից ընդունված մի շարք բանաձևերում, հայտարարություններում և Կիպրոսի խորհրդարանի նախագահի հայտարարություններում: ՀՀ դեսպանն ընդգծել է նաև այդ ջանքերում խոսնակի անձնական դերակատարությունը և հայտնել հայկական կողմի երախտագիտությունը:
Դեսպան Մկրտչյանը Դեմիտրիուին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունական ջանքերը և նախաձեռնությունները:
Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերությունների խթանման և փոխաջակցության համատեքստում:
Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։