ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Խոսելով ամենատարբեր թեմաների մասին՝ վարչապետն անդրադարձել է նաև սփյուռքում բնակվող հայերի թվին:
«Միշտ չէ, որ թվաբանությանը մեծ նշանակություն ենք տալիս, էս վերջերս իմ մոտ հարց ծագեց, որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը, համոզված եմ, որ չկա:
Էստեղ էլ էլի էդ սրբացման ֆենոմոնն է, էդ թիվը սուրբ է, հանկարծ չկպնեք: Ոչ ավելանում է, ոչ պակասում է, չես կարա փոխես:
Մեկն ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար է, բոլորը կհարձակվեն, կասեն այ տգետ, այ դիլետանտ, դու որտեղից գիտես, ով ա հաշվել, և այլն: Մեկն ասի չէ, 9 մլն 200 հազար է, կասեն այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր»,- ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի, սա մեր իրականություն է, որի մասին պետք է խոսել:
Խոսենք իրականության մասին, որն առկա է պաշտոնական հայտարարություններում և ներկայացնենք վիճակագրություն։
Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից:
«Հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաև միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ը ապրում են Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:
Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում Լիբանանում և Արգենտինայում», – գրում է օրաթերթը:
Կից նկարում պատկերված է Հայկական սփյուռքի համայնքների քարտեզը ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և կից գրված է․
«Աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 մլն հայ, գործում են տասնյակ համահայկական ու հոգևոր, հարյուրավոր համայնքային ու հայրենակցական կառույցներ, լրատվամիջոցներ, շուրջ 1000 մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, գիտական ու կրթական հաստատություններ, մարզական ու մշակութային միություններ, բարեգործական ու հասարակական-քաղաքական կազմակերպություններ»:
Համաձայն Worldo meters օնլայն տվյալների հավաքագրման կայքի՝ այս պահին Հայաստանում բնակվում է 2 մլն 777 հազար մարդ, Հայաստանում իրականացված մարդահամարի տվյալները նշվածից շատ չեն տարբերվում։ Եթե Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացված 7 մլն գումարենք ՀՀ բնակչության թվին, ապա կտեսնենք, որ գուցե հայերի քանակն աշխարհում չի հատում 10 մլն մարդը, սակայն ձգտում է դրան։
Ամբողղջ աշխարհում տարբեր գնահատականներով, նաև միջազգային մամուլում, հայերի ընդհանուր թիվը կազմում է 7-ից 9 միլիոն մարդ, որոնց կեսից պակասն ապրում է Հայաստանում։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետը տեղյակ չէ սեփական երկրում ծնված, սակայն որոշ ժամանակ անց երկիրը լքած հայերից։ Հավելենք, որ հենց այս իշխանությունների օրոք վերացվեց Սփուռքի նախարարությունը և ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որը ակնհայտ պակաս գործուղություններ է իրականացնում նախկին նախարարության հետ համեմատ։
Հիշեցնենք, որ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հարցականի տակ էր դրել Հայոց Ցեղասպանությունը՝ այս անգամ էլ ցուցակներ ճշտելով։ Ստացվում է, որ իշխանության աշխատանքն է դարձել ցուցակներ ստուգելու պահանջներ դնելը։
Էմմա Միքայելյան