Կառավարությունն արդեն 2 տարի աչք է փակել ինքնագլորների մասնակցությամբ վթարների վրա, դեռ 1,5 տարի էլ պետք է սպասենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում երեւանյանան իրականությունում ի հայտ եկած ինքնագլորները՝ էլեկտրական «սամոկատները», իսկական պատուհաս են դարձել մայրաքաղաքում զբոսնողների եւ վարորդների համար։

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել դեռ 2022 թվականին՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն  3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում։

Խնդիրը բավականին լուրջ է, քանի որ գրեթե ամեն օր  լրահոսում լուրեր են իքնագլորների պատճառով վնասվածքներ ստացած քաղաքացիների մասնակցությամբ դեպքերի։ Մեկ տարի առաջ ինքնագլորների աշխատանքը ո՛չ համակարգող կար, ո՛չ պատասխանատու անձ։ Այժմ ՀՀ կառավարությունն ընդունել է կարգավորում և կկիրառվեն ստուգաչափման սարքեր։

Փոխադրման այս միջոցները ՀՀ–ում կարող են օգտագործել 18 տարեկանից բարձր անձինք կամ այն 16 տարեկանները, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։

Մինչև 16 տարեկան անձինք ինքնագլորներ կարող են միայն օգտագործել համայնքի կողմից սահմանված վայրերում։ Մյուս դեպքերում դրանք կարող են օգտագործվել հեծանվային ուղիների վրա։

Անվտանգային առումով մոպեդներով կամ ինքնագլորներով երթևեկողները պարտավոր են կիրառել սաղավարտներ։ Ինքնագլորների արագությունը պետք է լինի 270 կմ/ժ։

Այս կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։ Այսինքն, էշ մի սատկի, գարուն կգա։ Կառավարությունն արդեն 2 տարի աչք է փակել ինքնագլորների մասնակցությամբ վթարների վրա, և կշարունակի այս խնդիրը չկարգավորել ևս 1,5 տարի։ Ահա թե ինչ է ամենաթողությունը։

Էմմա Միքայելյան




Լրահոս