ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվելի Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի օգնականի քրեական գործով քննչական կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 26-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին կալանավորել են:

ՀՀ քննչական կոմիտեից նշել էին, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց խարդախության գործով։

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ․ ստեղծել է հանցավոր կազմակերպություն: Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու և դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ և խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ:

Ըստ նախաքննական մարմնի 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:

Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների ներկայացուցիչներ և իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման և գույքի օտարման գործարքներ։

Մեկ դեպքում, մասնավորապես, դատավորի օգնականի, որը նախաքննական մարմինը չէր նշել , Գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականի մասին է , նրա օժանդակությամբ, հանցավոր խմբի անդամներն անշարժ գույքի իրական ժառանգներ հանդիսացող անձանց կողմից իբրև ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ կեղծ դիմումի հիման վրա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատման պահանջի մասին դիմում՝ որպես ապացույց ներկայացնելով նաև համայնքապետարանի կոմունալ վարչության պետի անվամբ կազմված և հաստատված կոմունալ վճարումներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:

Քնար Մանուկյան




Լրահոս