Հունիսի 15-ին՝ ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Հարսից ընդունվել է հաղորդում:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ պարանոցից քաշել-պոկել է խաչով շղթան`պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել ու կրել պատիժը, այդ թվում՝ նաև ավազակության համար:
Հունիսի 18-ին՝ առավոտյան ժամը 11-ին, 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է բնակության վայրի տարածքում, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա՝ ներկայացվել նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքնությամբ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: