Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,–նշել է Բորելը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»:
Բորելը հիշեցրել է, որ այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ վստահության ամրապնդման միջոցառումների, այդ թվում՝ գերիների փոխանակման վերաբերյալ: ԵՄ–ն շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այս առումով:
«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների վերաբերյալ իր կանոնավոր երկխոսության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ շփումներում»,–հավելել է Բորելը:
Նշվում է, որ ԵՄ պատվիրակությունը ուշադիր հետևում է տեղում տիրող իրավիճակին և սերտ կապի մեջ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր մուտք ունի հայ գերիների մոտ:
«Ավելին, ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը»,–ասել է Բորելը:
ԵՄ-ն նաև շարունակում է աջակցություն ցուցաբերել 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ ԼՂ–ից տեղահանված հայերին և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: