Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում, ի թիվս բազմաթիվ ցուցարարների, տուժել են նաեւ 10-ից ավելի լրագրողներ եւ օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից եւ առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «Armlur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «Mediahub.am»-ի թղթակից Նարե Գեւորգյանը, «AlphaNews»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը եւ օպերատոր Հովհաննես Հակոբյանը։
Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի եւ այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաեւ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երեւում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաեւ լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երեւանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը եւ նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, եւ լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։
Այս ֆոնին խոր մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։
Վրդովմունք է առաջացնում նաեւ այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ խորհրդարանում դրսեւորվել է նաեւ նախորդ տարիներին, եւ սա դարձել է արատավոր ավանդույթ։
Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք.
. իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ եւ հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները եւ միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,
. Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել եւ վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք եւ պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։
Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում եւ տոկունություն։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԿՆՎԻՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Business YereFun նեթվորքինգ միջոցառման գործընկերն է Freedom Broker Armenia-ն։
Միջոցառումն անցկացվելու է հունիսի 14-ին «Արարատ» գոլֆ ակումբում։
Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ եւ թոփ մենեջերներ։
Միջոցառման ընթացքում անցկացվելու է գոլֆի մրցաշար, որի 3 հաղթողներին Freedom Broker Armenia-ը կնվիրի հայտնի կազմակերպությունների բաժնետոմսեր։
Բացի այդ, միջոցառման շրջանակներում եւս մի քանի մասնակից բաժնետոմսեր ստանալու հնարավորություն կունենա, որի մասին կհայտարարվի հենց տեղում։
«Ուրախ ենք մասնակցելու այս կարեւոր միջոցառմանը, որն իր բնույթով եզակի է թե՛ բովանդակության եւ նեթվորքինգի տեսանկյունից։ Վստահ ենք, որ մասնակիցները իրադարձության շրջանակում կստանան ոչ միայն կարեւոր գիտելիքներ, այլեւ ձեռք կբերեն կապեր տարբեր ասպարեզներից։ Որպես ընկերություն, որն ապահովում է մուտք միջազգային շուկաներ՝ ուրախ ենք, որ մրցույթի հաղթողներին հնարավորություն ենք ընձեռելու բացահայտել ներդրումների աշխարհը»,- նշում են Freedom Broker Armenia-ից։
Նշենք, որ Business YereFun նեթվորքինգ միջոցառումը կազմակերպել է LinkedIn Local Yerevan-ը։
6 ԱՄՍՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ՈՐՈՇ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:
Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արեւածաղկի սերմի, արեւածաղկի ձեթի արտահանման նկատմամբ:
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված եւ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։
Նշենք, որ նման արգելք արդեն սահմանվել էր, որի գործողությունը կավարտվի 2024-ի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է եւս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։
Այս ապրանքների մասով բացակայում կամ աննշան է արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ եւ Որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։
Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչըպահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո եւ պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԲՐԻԿՍ-ԻՆ ՄԻԱՆԱԼ
ԲՐԻԿՍ-ի (ի սկզբանե ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան) այս տարվա ընդլայնումից հետո եւս 29 պետություն ցանկանում է այս կամ այն ձեւով միանալ կազմակերպությանը:
Այդ երկրների թվում են, օրինակ, Ադրբեջանը եւ Թուրքիան։
Բացի այդ, առանձին նշված է Պաղեստինը, որը դեռ լիարժեք ճանաչում չունի միջազգային ասպարեզում։ Կարեւոր է նշել, որ ոչ բոլորն են պաշտոնապես դիմել միանալու համար։
Ադրբեջանի մասով նշվում է, որ հանրապետության պաշտոնյաները չեն բարձրաձայնում ասոցիացիայի մասնակցության մակարդակի մասին, թեպետ, օրինակ, օրերս Կազանում մեկնարկած ԲՐԻԿՍ խաղերին ադրբեջանցի մարզիկները մասնակցում են։