«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել:
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։
Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջեւ տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձեւով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաեւ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։
Նախաքննության շրջանակում պարզվել է, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ կայացած հանդիպումների, այդ թվում՝ նաեւ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերեւույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել էր 11 անձ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձանցից 10-ին ներկայացվել են մեղադրանքներ՝ 3 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում դատարանի որոշումներով մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը (մեկը՝ համակցված գրավով)։ Մյուս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մեկ անձ արգելանքից ազատ է արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
ՏՈՒԺԱԾԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային ներգրավել են վկա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաեւ ԱԺ հարեւանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ եւ պրոֆեսիոնալ»:
ԲԱԽՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ողղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ: Լուսաձայնային նռնակներից վիրավորում էր ստացել 101 քաղաքացիական անձ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքին գործերի նախարարությունն այդ դեպքից հետո աշխատակիցներին պարգեւավճարներ է փոխանցել՝ 200.000 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը:
«Ստանդարտ գործընթաց է եւ տարվա մեջ մի քանի անգամ ոստիկանության ծառայողները ստանում են պարգեւավճար եւ այո վերջերս նույնպես ոստիկանության բոլոր ծառայողները ստացել են պարգեւավճար»:
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով՝ 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք:
ԱԾԵԼԻՈՎ ՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ
Հունիսի 13-ին երեկոյան 1-ին համալսարանական հիվանդանոցից ահազանգ է եղել, որ «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից «նախաբազկի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ս.Ֆ-ն, որ դատապարտյալների հիվանդանոցում ժ. 00:30-ին ածելիով վնասել է իրեն:
Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, հուսանք կպարզի քննությունը։
Վ. ՔԵՐՈԲՅԱՆԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է։ Քերոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս եւ գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել»,- գրել է Քերոբյանը։
Նա նշել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը։
«Դեռեւս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր եւ համարձակ, եւ նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի»,- գրել է Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» եւ «Հարմոնիա» ընկերությունների հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունել: Նա փետրվարի 16-ից գտնվում էր տնային կալանքի տակ։